«Ճանաչենք և պահպանենք մեր հուշարձանները». մրցույթ՝ Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա շրջանակում
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա (ապրիլի 18) կապակցությամբ հանրակրթական դպրոցների 5-12-րդ դասարանների աշակերտների, ուսումնարանների ու քոլեջների սովորողների համար հայտարարում է մրցույթ՝ «Ճանաչենք և պահպանենք մեր հուշարձանները» խորագրով:
Մրցույթի նպատակն է նպաստել մշակութային ժառանգության մասին իրազեկվածության, հուշարձանների պահպանման, խնամքի հասարակական գիտակցության, դրանց նկատմամբ բարձր պատասխանատվության բարձրացմանը:
Մրցույթի պայմաններն ու կանոններն են.
ապրիլի 12-ից 18-ը՝ ժամը 20:00-ին, ԿԳՄՍ նախարարության ֆեյսբուքյան էջում կհրապարակվի ՀՀ պատմության և մշակույթի որևէ հուշարձանից մի հատվածի լուսանկար,
այն աշակերտը կամ սովորողը, ով մեկնաբանությունների հատվածում առաջինը ճիշտ կպատասխանի՝ ո՞ր հուշարձանն է և ո՞ր մարզում է գտնվում, կդառնա «օրվա հաղթողը»,
պատասխանը պետք է գրել հայատառ,
պետք է գրել ֆեյսբուքյան անձնական էջից,
արդեն իսկ հրապարակված տարբերակը ենթակա չէ խմբագրման, լրացման, փոփոխման,
հրապարակված տարբերակի հետ պետք է գրել նաև անուն, ազգանուն, մարզ, քաղաք/գյուղ, դպրոց կամ ուսումնարան ու քոլեջ,
նշված կանոններին ու պայմաններին չհամապատասխանող հայտերը չեն դիտարկվելու:
Հաղթած աշակերտները կպարգևատրվեն խրախուսական նվերներով:
Shantnews.am