Բնականաբար, դա դրոշի պղծում է, որի համար հազարավոր մարդիկ են արյուն թափել, բայց հարցն ունի քաղաքական կողմ: ArmDaily.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Բևեռի կողմնակիցների կողմից Արցախի դրոշը ներկելու փաստին՝ ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։ «Քանի որ այդ կազմակերպությունը հանդես է գալիս աշխարհաքաղաքական դիրքավորմամբ, այսինքն որպես Արևմուտքի պրոքսի, ընդդեմ Ռուսաստանի, ու հայտարարում է, որ իր նպատակն է Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղել, ապա այդ քայլն այդ տեսակետից է պետք դիտարկել: Արևմուտքը փորձում է սեղմել Ռուսաստանի ազդեցության գոտիները, իսկ մեր տարածաշրջանում Ռուսաստանը կարողանում է մնալ Արցախում ու Հայաստանում ռազմական ներկայությամբ շնորհիվ: Դրա այս պահի միակ տարբերակն է ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում, հայերի տեղահանությամբ, որից հետո ռուսները տարածաշրջանում մնալու որևէ հիմնավորում չեն ունենա: Արցախի դրոշ այրելն այդ նպատակն ուներ, այսինքն չկա նման հարց, իսկ թե ինչ դեմագոգիկ հիմնավորմամբ է դա ներկայացվում, արդեն երկրորդական է»,-ասաց Դանիելյանը։

Պատասխանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում Միացյալ Նահանգների ու Ֆրանսիայի կողմից Ռուսաստանի հետ չհամագործակցելուն ու դրա վերաբերյալ Լավրովի հայտարարության մասին մեր հարցին, Դանիելյանը նշեց, որ նման զարգացումը ոչ միայն սպասելի էր, այլև արդեն տրամաբանական էր: «Մինսկի խմբի խնդիրն էր հարցը սառեցնել, մինչև Ռուսաստանի ու Արևմուտքի աշխարհքաղաքական մրցակցության սուր փուլը, որը սկսվեց ուկրաինական պատերազմի ժամանակ: Եթե առաջ մրցակցությունը քողարկված էր ու այլ խաղատախտակների վրա էր ընթանում, հիմա մեր ռեգիոնում է խաղը ընթանում: Հարավային Կովկասում մրցակցությունը սուր փուլ է մտել: Մինսկի խմբի աշխատանքները պարալիզացվել են, որովհետև շահերը տարբեր են ու հիմա անկեղծության պահն է եկել: Արևմուտքը Հայաստանի ու Արցախի դեմ ոչինչ չունի, ուղղակի շահերը չեն համընկնում: Արևմուտքին Արցախը խանգարում է Ռուսաստանին այստեղից դուրս մղելու գործում: Բրյուսելում Եվրամիության նպատակն էր Հայաստանին պարտադրել Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, համապատասխան հետևանքներով հանդերձ: Նպաստել Հայաստանի ու Ադրբեջանի հաշտեցմանը՝ նշանակում է փակել Արցախի խնդիրը՝ ի նպաստ Ադրբեջանի»,-եզրափակեց Դանիելյանը։

Հայկա Ալոյան


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն