Արգելել բուքմեյքերական հաշվի լիցքավորումը տերմինալից և էլեկտրոնային դրամապանակից. նախագիծն ԱԺ-ում է
Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին օրենքում հերթական փոփոխությունն է նախատեսվում: Այսօր Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Գևորգ Պապոյանի և Ծովինար Վարդանյանի օրենսդրական նախագիծը, որով առաջարկվում է արգելել բուքմեյքերական հաշիվները տերմինալներից լիցքավորել կանխիկ գումարով: Օրենքի փոփոխություններն ընդունելուց 6 ամիս անց էլ կարգելվի էլեկտրոնային դրամապանակներից բուքմեյքերական հաշիվների լիցքավորումը: Համալրումը հնարավոր կլինի միայն բանկային հաշվի միջոցով: Ըստ Գևորգ Պապոյանի՝ նախագծով 2 հիմնական խնդիր են դրել իրենց առջև, որն ամբողջովին բխում է Կառավարության ծրագրից:
Գևորգ Պապոյան (ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ) - Առաջին խնդիրը՝ ինչքան հնարավոր է, էսպես ասենք, սահմանափակել կամ դժվարացնել կամ թափանցիկ դարձնել բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը և քաղաքացիների հասանելիությունը դրանց:
Ըստ Գևորգ Պապոյանի՝ խաղամոլությունը սոցիալական առումով լրջագույն խնդիրներ է ստեղծում, և պրոցեսը թափանցիկացնելով՝ տեսանելի կլինի, թե ովքեր են խաղացողները, որքան են խաղում:
Գևորգ Պապոյան - Շատ քաղաքացիներ գիտենք, ովքեր ստանում են որոշակի եկամուտներ, գումարներ, որոնք որ չեն հաշվառվում որևէ կերպ: Հիմա, օրինակ, կարող է ստացվել դեպք, երբ որ քաղաքացին աշխատում է առավոտից երեկո, հետո կարող է իր գումարը հանգիստ գնալ և պարտվել բուքմեյքերական գրասենյակում, և որևէ սահմանափակում, դժվարություն չկա: Հիմա ասում ենք, որ դա չես կարող անել, նվազագույնը ինքը պետք է գնա բանկային հաշիվ բացի, դրա վրա գցի, իսկ գիտենք, որ էդ քաղաքացիների մեծ մասը նաև ԴԱՀԿ-ում պրոբլեմ ունեն, իրենք չեն կարող գնալ բանկային հաշիվ բացել, հետևաբար ստացվում է, որ ինքը չի կարողանալու խաղալ: Արդեն իսկ սա մի հատ մեծ խնդիր լուծում է, որովհետև իր համար խաղալը դառնալու է մի հատ բարդ պրոցես:
Հարցի հարակից զեկուցող՝ ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանը հայտարարեց, որ բանկային համակարգ տեղափոխվելով՝ խաղացողը կկարողանա գնահատել այն ռիսկերը, որոնք առկա են:
Արմեն Հայրապետյան (ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ) - Կառավարությունը գտնում է, որ, այո, պետք է անցնել հենց բանկային հաշիվներով կամ բանկային քարտերով խաղային հաշիվների լիցքավորմանը և խաղային հաշիվների օգտագործմանը: Միակ բացառությունը, որ կարելի է թույլատրել, կենդանի խաղի ոչ ռեզիդենտների կողմից խաղատանը խաղադրույքների գնման դեպքը պետք է լինի:
«Հայաստան» խմբակցությունից Արծվիկ Մինասյանը նշեց՝ նախաձեռնությունը կարևոր է, սակայն վիճակագրությունը բավական մտահոգիչ է. 2018-ից մինչև 2020-ը 18 հազար 93 մասնակցից խաղացողների թիվը հասել է 44 հազար 82-ի: Նա առաջարկեց նաև խաղացողի շահումը հարկել:
Արձագանքելով՝ Գևորգ Պապոյանը նշեց՝ համաձայն է գաղափարին, սակայն այս պահին անհրաժեշտ օրենսդրական գործիքակազմ չկա: Ուստի, քանի դեռ արդար հարկման համակարգ չեն գտել, պետք է խնդրի կարգավորման համար թեկուզ կարճաժամկետ լուծում գտնել: Նախագիծը միաձայն դրական եզրակացություն ստացավ:
Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նաև «Հայաստանի և Գերմանիայի կառավարությունների միջև 2020 թ. ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագրի վավերացմանը, որով նախատեսվում է գերմանական կողմից հայկական կողմին տրամադրել 116.4 մլն եվրո, որից 3.4 միլիոնը՝ օժանդակություն կենսաբազմազանության և կայուն զարգացման ծրագրերի իրականացման համար, իսկ 113 մլն եվրոն՝ վարկ՝ վերականգնվող էներգիայի ոլորտում և փոքր ու միջին ձեռնարկություններին աջակցության շրջանակներում ծրագրերի իրականացման համար:
1lurer.am