2020 թվականի 44-օրյա պատերազմի մեկնարկի առաջին իսկ օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ հնարավոր է դադարեցնել Ադրբեջանի սանձազերծած պատերազմը, եթե առանց Արցախի կարգավիճակի ճշգրտման և առանց նախապայմանների Ադրբեջանին հանձնենք Արցախի անվտանգության գոտիները (7 շրջանները)։ Պատգամավորները միաբերան պատասխանեցին՝ «ոչ», բայց պատերազմից հետո նույն ընդդիմադիր պատգամավորները վարչապետին մեղադրեցին պատերազմը շուտ չկանգնեցնելու համար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը:

«Պատմությունը կրկնվում է։ Երեկ՝ ապրիլի 13-ին, ԱԺ ամբիոնից վարչապետը ներկայացրեց միջազգային հանրության և համանախագահների դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին։

Մեջբերում եմ։

1) «Երբ ես սկսել եմ ներգրավվել բանակցությունների մեջ, իմ հիմնական հարցը եղել է՝ որը փորձել եմ համանախագահողների հետ կիսել, ասել եմ լավ, ի վերջո եկեք ասեք՝ այս բանակցային տրամաբանությամբ Արցախը կարո՞ղ է լինել անկախ կամ Հայաստանի կազմում, այդ մարդիկ տվել են շատ տպավորիչ պատասխան՝ ասել են՝ այո՛, եթե Ադրբեջանը համաձայնվի: Սա է եղել այդ պահին բանակցությունների սեղանի վրա դրված բովանդակությունը»:

2) «Այսօր միջազգային հանրությունը մեզ հստակ ասում է. լինել աշխարհի միակ երկիրը, որ երկկողմ մակարդակում չի ճանաչում Թուրքիայի դաշնակից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը մեծ վտանգ է ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի համար:

Այսօր միջազգային հանրությունը մեզ կրկին ասում է. մի փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը և միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովեք Հայաստանի և Արցախի շուրջ:

Հակառակ դեպքում, ասում է միջազգային հանրությունը, խնդրում ենք մեզ վրա հույս չդնել, ոչ թե այն պատճառով, որ մենք չենք ուզում ձեզ օգնել, այլ այն պատճառով, որ մենք չենք կարող ձեզ օգնել»:

Պատմությունը կրկնվում է՝ միայն մի տարբերությամբ, այս անգամ ընդդիմադիր պատգամավորները ԱԺ նիստերի դահլիճից չեն ասում «ՈՉ»։ Արցախի հիմնախնդրի հարցի ամենակարևոր քննարկումներից առաջ ԱԺ-ում դրոշներ են տնկել ու հեռացել։ Հեռացել են իբրև Շուշի, Հադրութ, Արցախ փրկելու, բայց, չգիտես ինչու, անգամ մինչև Ստեփանակերտ չեն կարողացել հասնել։

Այս օրերին շատերը սրտաճմլիկ խոսքերով հայրենասեր կձևանան, հայրենիքի փրկիչ կձևանան, պաթոսախեղդ կանեն։

Բայց իրականությունը դրանից չի փոխվի, իսկ իրականության հետ առերեսվելը ստեղծված իրավիճակը ճիշտ գնահատելու և սթափ դատելու համար ամենակարևոր նախապայմանն է։

1lurer.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն