Կառավարության այսօրվա նիստում  խոսելով «Բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագրի» հաստատման մասին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց բնակարանների ռենովացիայի ծրագրի մեկնարկի մասին: Այդ ծրագիրը մի քանի նպատակ է  հետապնդում:

«Խորհրդային միության ժամանակներից հատկապես մարզերում շատ դեպքերում կառուցվել են բնակարաններ, որոնց մի հսկայական մասը ուղղակի չի օգտագործվում և լքված տարածքի կարգավիճակ ունի։ Երկրորդ խնդիրը հետևյալն է՝ այս ընթացքում հանրապետությունում կտրուկ մեծացել է վարձով բնակարանների պահանջարկը և աճել են գները։ Բացի այդ, անորոշություններ են առաջացել արտագնա աշխատանքի մեկնող մեր քաղաքացիների գործերի առնչությամբ, և մենք մտածել ենք հետևյալը, որ գործարկենք պետական ծրագիր, որի շրջանակներում մեր քաղաքացիներին առաջարկում ենք սուբսիդավորվող վարկեր վերցնել և վերակառուցել իրենց բնակարանները՝ պայմանով, որ այդ ծախսերի 20-30 տոկոսը կօգտագործվի բնակարանի էներգախնայողության համար»,- ասաց Փաշինյանը։

«Մենք ակնկալում ենք նաև, որ այս վարկային ծրագրերով քաղաքացիներն իրենց բնակարանների չօգտագործվող մասը կարողանան վարձով տալ, նաև տուրիզմի բնագավառում առաջարկ ձևավորել։ Ակնկալում ենք, որ այս ծրագրի շրջանակներում մենք նաև պոտենցիալ աշխատատեղերով կապահովենք արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցներին, եթե չկարողանան գնալ արտագնա աշխատանքի»,- ասաց Փաշինյանը։

«Առաջին փուլով 10.000 այդպիսի վարկ կտանք և կգնահատենք հետագա ընթացքը։ Եթե մենք տեսնենք մեկ տարվա արդյունքներով մեր թիրախային նպատակներին հասել ենք, այս ծրագիրը կարելի է դարձնել շարունակական: Մենք հույս ունենք, որ սրանով էական ներդրում կանենք և՛ բնակարանների, և՛ տնտեսության, և՛ փոքր բիզնեսի, և՛ աղքատության հաղթահարման գործում»,- նշեց վարչապետը:

Shantnews.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն