Գործ ունենք հանրությանը մոլորեցնելու, մանիպուլացնելու հերթական փաստի հետ. Արուսյակ Ջուլհակյան
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` արձագանքելով ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի հրապարակած հոդվածին: Ջուլհակյանը, մասնավորապես, գրել է.
«Արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը հանդես է եկել հոդվածով, որով դեմ է արտահայտվում խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Վերջինս, կարծես թե, հպարտությամբ արձանագրում է, որ նաև ինքն է դեմ եղել 1998թ․ փուլային տարբերակին (ըստ էության միակ իրական և իրատեսական տարբերակը Արցախյան հակամարտությունը լուծելու)՝ նշելով, որ առաջարկվող փաստաթղթում չկա նշում Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի մասին։
Առաջին նախագահ Տեր-Պետրոսյանի դիրքորոշումը, ըստ Օսկանյանի, եղել է այն, որ ամեն նշում կամ հղում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին անպայման կներառի Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը, ուստի նախընտրելի է այս փուլում զերծ մնալ կարգավիճակի հարցի արծարծումից: Օսկանյանը, սակայն, եղել է այն կարծիքին, որ ՀՆԱՐԱՎՈՐ Է խոսել կարգավիճակի մասին, բայց զերծ մնալ տարածքային ամբողջականության խնդիրը հիշատակելուց։
«Շատ բան կարող էր փոխվել ի նպաստ մեզ, ԻՆՉԸ և ՏԵՂԻ ՈԻՆԵՑԱՎ»,- ասում է պարոն Օսկանյանը, ապա շարունակում։ «Հաջորդ տարիներին Մինսկի խումբը սեղանին դրեց երեք առաջարկ (ընդհանուր պետության, Քի Վեսթի և Մադրիդյան առաջարկները), որտեղ հղում կար Ղարաբաղի կարգավիճակին, և երեք դեպքում էլ՝ Ադրբեջանի կազմից դուրս»:
Այսպիսով՝ պարոն Օսկանյանը պնդում է, որ հնարավոր էր միևնույն փաստաթղթում միաժամանակ խոսել Արցախի կարգավիճակի մասին և շրջանցել Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցը։ Եվ որպես իր պնդման ապացույց ներկայացնում է հաջորդ երեք՝ ընդհանուր պետության, Քի Վեսթի և Մադրիդյան առաջարկները։ Մի կողմ թողնենք, որ այդ երեք առաջարկներն այդպես էլ չեն ընդունվել, և անհասկանալի է դրանք 98-ի փուլային տարբերակի համեմատ որպես լուրջ դիվանագիտական ձեռքբերում ներկայացնելը։
Փորձենք կարդալ այդ փաստաթղթերը, և կտեսնենք ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆ սկզբունքի հիշատակումը թե՛ Ընդհանուր պետության և թե՛ Մադրիդյան առաջարկներում։
Եվ ուրեմն, այդ ի՞նչն էր փոխվել ի նպաստ մեզ։ Տարածքային ամբողջականության սկզբունքի ամրագրու՞մը։ Ի նպա՞ստ։ Ինչևէ։ Սա էլ մի կողմ թողնենք։
Անդրադառնանք պարոն Օսկանյանի այն պնդմանը, որ թե՛ Ընդհանուր պետության, թե՛ Քի Վեսթի և թե՛ Մադրիդյան առաջարկներն անդրադառնում էին Ղարաբաղի կարգավիճակին, և երեք դեպքում էլ՝ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿԱԶՄԻՑ ԴՈՒՐՍ։
Բացում ենք Ընդհանուր պետության առաջարկը և 1-ին իսկ հոդվածում կարդում՝ «Լեռնային Ղարաբաղը հանրապետության ձևի պետական տարածքային կազմավորում է, և ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ՄԻԱՍԻՆ կազմավորում է «Ընդհանուր պետություն»՝ ՎԵՐՋԻՆԻՍ ՄԻՋԱԶԳԱՅՆՈՐԵՆ ՃԱՆԱՉՎԱԾ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ»: Մի՞թե նախկին նախարարը և երբեմնի գլխավոր բանակցողը տեղյակ չէ այս նրբություններից։ Դժվար թե։ Մի՞թե նախկին նախարարը և երբեմնի բանակցողը մոռացել է այս նրբությունները։ Կրկին՝ դժվար է այդպես կարծել։
Եվ ուրեմն մնում է եզրակացնել, որ գործ ունենք մեր հանրությանը մոլորեցնելու, մանիպուլացնելու, ժողովրդի հետ ազնիվ չլինելու հերթական փաստի հետ։ Հետևությունները թողնում եմ ձեզ»։
Արուսյակ Ջուլհակյան