Ռուսաստանի և Հայաստանի միջեւ երեկվա պայմանավորվածությունները կարեւոր ենք համարում աշխարհաքաղաքական տեսանկյունից, քանի որ ամրապնդվում են ռուս-հայկական եղբայրական հարաբերությունները։ Սա շատ կարեւոր է տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովման տեսանկյունից։ Որքան ամուր լինեն հայ-ռուսական եղբայրական հարաբերությունները, այնքան հուսալի կլինի և Հայաստանի, եւ Արցախի ապագան, այնքան ավելի ամուր կլինեն Ռուսաստանի դիրքերը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը։

Նա հավելեց, որ հայտարարության մեջ հաստատվել է խաղաղության օրակարգին հետեւելու, խնդիրները խաղաղ ճանապարհով լուծելու կարեւորությունը եւ ընդգծվել է «լեռնայինղարաբաղյան հակամարտություն» հասկացությունը։ Բոլոր գործընթացները պետք է դիտարկել այս տեսանկյունից։

Ինչ վերաբերում է Արցախի կարգավիճակի հարցին, ապա հանրապետության ԱԳՆ ղեկավարը հիշեցրել է, որ Ռուսաստանը մյուս երկրներից ավելի շատ է առնչվել այդ խնդրին, ասել է, որ ղարաբաղյան խնդիրը չի լուծվել։ Ռուսաստանն արձագանքել է նաեւ Ադրբեջանի այն հայտարարություններին, թե իբր Լաչինի միջանցքն իրենց է պատկանում, եւ այնտեղ ինչ ուզեն կանեն։

«Դեռ այն ժամանակ Մոսկվայում հստակ հայտարարեցին, որ Լաչինի միջանցքը գտնվում է ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում։ Իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում ներկայացված մյուս երկրներից ո՞րն է բարձրացրել կարգավիճակի հարցը։ Մենք Արցախը չենք տեսնում Ադրբեջանի կազմում, Արցախում բոլորը, առանց բացառության, հավատարիմ են այս կարծիքին։ Կարեւոր չէ, թե ով ինչ է ասում, մեզ համար սա անընդունելի է, եթե նույնիսկ ամբողջ աշխարհը փորձի մեզ հակառակը համոզել»,- ասաց Բաբայանը։

Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդգծեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունները կապված են ադրբեջանա-ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հետ, սակայն դրանք առանձին գործընթացներ են։

«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորումը չի կարող տեղի ունենալ Արցախի հաշվին։ Արցախի ճանաչումը Ադրբեջանի կազմում աղետի կհանգեցնի ոչ միայն Արցախի, այլեւ ողջ հայոց պետականության համար։ Եվ թող ոչ ոք չմտածի, որ առանց Արցախի Հայաստանն ապագա ունի։ Նման բան չի լինի։ Իրադարձությունների նման զարգացման դեպքում Հայաստանին միայն մեկ ապագա է սպասվում՝ կործանում։

Բացի այդ, նման իրադարձությունների նման զարգացումը արմատապես կփոխի աշխարհաքաղաքական լանդշաֆտը տարածաշրջանում։ Դա պարզապես չի կարող լինել ինչ-որ մեկի կամքով: Դա սարսափելի, արյունոտ գործընթաց կլինի։ Այն երկրները, որոնց համար նման իրավիճակը մահացու վտանգ կստեղծի, ձեռքերը ծալած չեն նստի եւ պարզապես հետեւեն, թե ինչպես են Թուրքիան եւ Ադրբեջանը կլանում ողջ տարածաշրջանը։

Արցախի կործանման դեպքում տարածաշրջանում բոլորովին այլ իրավիճակ կստեղծվի, Հայաստանում նույնպես ամեն ինչ կփոխվի, նա կդառնա օբյեկտ եւ կկլանվի Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից։

Եթե Բաքուն եւ Անկարան հասնեն իրենց նպատակներին Հարավային Կովկասում, ապա հիմք կդրվի նոր Օսմանյան կայսրության վերականգնման համար։ Սա բոլորի համար պարզ է։ Ակնհայտ է, թե ով է սրանում շահագրգռված, եւ ով շահագրգռված չէ։ Հետեւաբար, դա այնքան էլ հեշտ չէ, ամենուր «կարմիր գծեր» են անցնում։ Որոշվում է մեր ճակատագիրը, հայ ժողովրդի ճակատագիրը, ուստի մեր պատասխանը կլինի հստակ, միանշանակ ու համարձակ։ Արցախն այն բացառիկ երկրներից է, որը չունի սահմաններ, այլ կա շփման գիծ։ Սրանք բոլորը «կարմիր գծեր» են։ Ուստի մեզ համար Արցախի կարգավիճակը շատ կարեւոր նշանակություն ունի»,- նշեց դիվանագետը։

Բաբայանը կարծում է, որ Ռուսաստանը բացառիկ պատմական պատասխանատվություն է կրում տարածաշրջանի համար։

«Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի փրկենք Արցախը։ Դրա համար առաջին հերթին անհրաժեշտ է պահպանել եղբայրական հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Սա փորադաշտ չէ։ Մեր հայրենիքի փրկության կարեւոր երաշխիքներից մեկը հայ-ռուսական եղբայրական հարաբերություններն են»,- հավելեց նա։

Նրա գնահատմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության, որպես մեկ մարմնի, գործունեությունը, որում երկար տարիներ համագործակցել են Ռուսաստանը եւ Արեւմուտքը, սառեցվում է ուկրաինական իրադարձությունների ֆոնին․ ոչ թե վերացվում է, ոչ թե լուծարվում, այլ սառեցվում։

«Լուծարումը ավելի բարդ իրավաբանական եւ քաղաքական գործընթաց է ենթադրում»,- եզրափակեց Արցախի ԱԳ նախարարը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն