«Մենք փորձում ենք վերաիմաստավորել բանակցային պրոցեսը, և դա առաջարկվել է՝ իրավունքներից դեպի կարգավիճակ, և ոչ թե՝ հակառակը». Էդմոն Մարուքյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն է:
Հիշեցնենք, որ Է. Մարուքյանը 2022թ. մարտի 14-ից Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնում:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Էդմոն Մարուքյանը նշել է.
Քաղաքակիրթ աշխարհն ասում է՝ ժողովուրդ ջան, անիրատեսական նպատակ եք դրել ձեր առաջ, 30 տարի զրկանքների միջով եք անցել, և հիմա եկել է մի իրավիճակ, երբ մենք փորձում ենք վերաիմաստավորել բանակցային պրոցեսը, և դա առաջարկվել է՝ իրավունքներից դեպի կարգավիճակ, և ոչ թե՝ հակառակը, կամ շարունակում ենք մեր ասելիքը, բայց աշխարհում ընկալում չկա, դու տոտալ միայնակ ես միջազգային հարթակում քո մոտեցումների հետ, այն, ինչ ունեցանք…
Եթե հիմա մենք մեր մոտեցումները չադեկվատացնենք, միջազգային հանրության լեզվով չխոսենք, ունենալու ենք ավելի մեծ խնդիր:
Իրավիճակն այնպիսին է, որ մենք չենք կարող շարունակել պատրանքների մեջ ապրել, և այդ պատրանքներն են, որ փշրվել են այս 44-օրյա պատերազմի ընթացքում:
Քաղաքականությունը հնարավորինի արվեստ է, եթե հնարավոր է հասնել Արցախի անկախությանը, ուրեմն կհասնենք, եթե հնարավոր լինի ստանալ միջազգային մանդատ, ուրեմն ստանալու ենք դա:
Ես որպես հատուկ հանձնարարություններով դեսպան՝ ինչ բեռ ստանձնել եմ, դրա մեջ հաստատ դերակատարում կունենամ:
Եթե արտգործնախարարը չի կարող ազդել վարչապետի որոշումների վրա, պետք է ինքնասպան լինի…
Ամեն ինչ անելու եմ, որ Հայաստանը և Արցախը էս իրավիճակից խաղաղ դուրս գան՝ արժանապատիվ խաղաղությամբ:
Նիկոլ Փաշինյանի ելույթում հանցակազմ չկա:
Նիկոլ Փաշինյանը քաղաքական պատասխանատվություն է կրել, կրում և կրելու է:
Եթե քրեական գործ կհարուցվի, և քննության արդյունքներով կպարզվի, որ տվյալ անձը կամ անձերի խումբը, որի գործողությունների արդյունքում հանցագործություն է տեղի ունեցել, կարող է լինել նաև նման քննարկում:
Քաղաքական մարդիկ, քաղաքական պրոցեսները բերում են քրեաիրավական դաշտ և ասում են՝ քրեաիրավական հետևանքներ պետք է ունենան… դե, մի օր իշխանափոխություն կլինի, էս իշխանությունը չի լինի, կգան ու գործ կհարուցեն, կքննեն՝ կերևա:
Այն, որ հետպատերազմյան իրողությունը այլ իրողություն է՝ բոլորս գիտենք, սա մեզ համար ամենաանբարենպաստ իրողությունն է, և կարող է՝ հենց այս իրողությունն է դրդում՝ նման հրապարակային հայտարարություն անեն:
Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չճանաչեց Արցախի անկախությունը: Ես սեպտեմբերի 27-ին, երբ խորհրդարանում քննարկվում էր ռազմական դրություն հայտարարելու հարցը, վարչապետին հարց տվեցի՝ մենք այսքան տարի չենք ճանաչել Արցախի անկախությունը, նման շանսեր ունեցել ենք քանիցս, հիմա, քանի որ լայնամասշտաբ պատերազմը մեկնարկել է, արդյո՞ք ժամանակը չի, որ մենք պրոցես սկսենք ու ճանաչենք, և վարչապետը ասաց, որ այո, պետք է այս հարցը սկսենք քննարկել: Էդ ժամանակ հարցը բարձրացվել է:
Քառօրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանը շատ կարևոր ռազմավարական դիրքեր գրավեց և հետևաբար՝ չէր կարող խնդրողը լինել, որ կռիվը կանգնեցվի: Պաշտոնական տեղեկություն կա՞, որ Բաքուն պնդել է Մոսկվային, որ կռիվը կանգնեցնեն: Տեղեկություններ կան, որ ասել են՝ տարածքները խաղաղ կտան… Թող ապացուցեն, որ Ալիևն է խնդրել պատերազմը կանգնեցնել: Ես շատ ուրախ կլինեի, որ իրենք խնդրած լինեին, բայց փաստերը ոնց որ հակառակն են խոսում: Ես ուզում եմ, որ մենք չշարունակենք մեզ խաբել, Խաչատուրովը թող գա ասի, որ՝ ես Մոսկվայում էի, և ադրբեջանցիները աղաչում էին, որ կռիվը կանգներ…
Ապրիլյան պատերազմի ժամանակ Ալիևի բանակը 4 օրվա ընթացքում հաջողություններ է ունեցել, հաջողություն ունեցող կո՞ղմն է խնդրում դադարեցնել պատերազմը:
Ես չեմ կարողանում գիշերները քնել, ես սարսափելի մտավախություններ ունեմ…
Ես գոնե իմ ամեն բառը ասելիս շատ ուշադիր եմ և զգույշ եմ, ստորագրում եմ Ձեր խոսքերի տակ, որ ընդհանրապես Հայաստանը պետք չի մտցնել հակաքարոզչության տակ, էս խառը աշխարհում, երբ շատ բարդ իրավիճակ է ստեղծվել աշխարհում:
Նիկոլ Փաշինյանի ելույթը խորհրդարանում կարո՞ղ է դիտվել՝ որպես հաղորդում հանցագործության մասին. բնավ ոչ, որովհետև դա քաղաքական ելույթ էր, վերլուծություն էր անցածի և ապագայի մասին բաց խոսակցություն: Ես ինքս մեղադրել եմ վարչապետին, որ նա պետք է ժողովրդի հետ անկեղծ խոսի, ասել եմ, որ Հայաստանի ընդդիմությունը սխալ հարցում է վարչապետին մեղադրում, նրանք մեղադրանքը պետք է վերաորակեն, իրենք պետք է ասեին՝ եղբայր, ինչո՞ւ չգնացիր խաղաղ հանգուցալուծման, օրինակ՝ Լավրովի պլանը չիրագործեցիր, որպեսզի պատերազմ չլինի… Էդ մեղադրանքը որոշակի լեգիտիմություն ունի: Ֆունդամենտալ դեր ունի նախկին իշխանությունը, որ ասում է՝ բանակցային փաթեթը երկու ճանապարհ ունի՝ կամ գնում է փոխզիջման, կամ սկսվում է պատերազմ: Էս իշխանությանն իրենք մղել են անկյուն և իրենք մեղավոր են նաև դրա համար, որ չեն ասել՝ եղբայր, եկեք ձեզ օգնենք, մենք պատրաստ ենք ձեզ օգնել, էս հողերը պետք է հանձնել:
Պետք է կողմնորոշվել՝ կամ մեդադրեք նրա մեջ, ես էլ Ձեր հետ, որ ծայրահեղ մաքսիմալիստական ճանապարհով գնացել ենք և գլխով պատին ենք տվել, կամ մեղադրեք նրա մեջ, որ հողատու ենք:
Մենք ընդդիմություն չենք հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու մասով, մենք ընդդիմություն չենք խաղաղության օրակարգի մասով, կոռուպցիայի դեմ պայքարի մասով, ապօրինի գույքի վերադարձման, դատական ռեֆորմի հարցով:
Իմ պաշտոնը հայեցողական պաշտոն է, ես հավատարմագրված դեսպան չեմ, Արտգործնախարարության հաստիքով, էակա՞ն է, թե որտեղ եմ նստում, Կառավարությունում եմ նստում:
Երբ պատերազմից 5 է պակաս, էդ իրավիճակում ի՞նչ ընդդիմություն, էդ իրավիճակում մի ճանապարհ կա՝ գնալ էդ պատերազմի մասնակիցը լինել, հիմա ես միացել եմ էդ պատերազմին արտաքին ճակատում:
Մոդերատորին, Փաշինյանին նկատի ունեմ, հես ա կանչելու են քննիչ հանձնաժողով…
Նոյեմբերի 9-ի փաստաթուղը հրադադարի վերաբերյալ փաստաթուղթ է, ուզենք թե չուզենք՝ միջազգային պայմանագրի նշանակություն ունի, ազդեցություն է ունեցել և կիրառվել ու կիրառվում է ստորագրվելուց հետո:
Որպես իրավաբան՝ ասում եմ՝ նոյեմբերի 9-ին ստորագրած փաստաթուղթը կապիտուլյացիայի փաստաթուղթ չէ: