Եթե իշխանություններն ասում են՝ առանց նախապայմանների է, ինչո՞ւ Թուրքիան չի բացում ՀՀ-ի սահմանը, որը ինքն է փակել․ Վանեցյան
Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը անդրադարձել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին, նշելով, որ թուրքական իշխանությունները բազմիցս շեշտել են՝ եթե հայերն ուզում են կարգավորել հարաբերությունները, պետք է հրաժարվեն Հայոց ցեղասպանության ճանաչումից, պահանջատիրությունից։
«Առհասարակ խոսվում է այն մասին, ոչ ուղիղ տեքստով, որ մեր Սահմանադրութունը պետք է փոփոխվի։ Սահմանադրության հիմքը Անկախության հռչակագիրն է, որի մեջ հստակ գրված է, որ Հայաստանը պահանջատեր է ու անելու է ամեն ինչ Ցեղասպանությունը ճանաչելու համար։ Այս իշխանությունները որևէ կերպ չեն արձագանքում Թուրքիայի այդ հայտարարություններին, ընդհակառակը՝ նախաձեռնել են սահմանադրական բարեփոխումների գործընթաց, եթե չընդվզենք, իրենք անպայման այդ փոփոխությունը կանեն։ Վարչապետի աթոռը զբաղեցնող անձը հայտարարում է, որ Ցեղասպանության ճանաչման հարցը Սփյուռքի հարցն է։ Դա հերթական անհեթեթ հայտարարությունն է, որն ուղղակի անթույլատրելի է»,- ասաց Վանեցյանը:
Նա նշեց, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը շատ կարևոր է։
«Այո՛, հայ-թուրքական հարաբերությունները պետք է կարգավորվեն, նորմալ չէ 21-րդ դարում ունենալ հարևան պետություն, որի հետ սահմանները փակ են։ Հիմա իշխանությունները խոսում են առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման մասին, պարզ հարց է առաջանում, այդ դեպքում ինչու Թուրքիան միակողմանի չի բացում սահմանը ՀՀ-ի հետ, որը ինքն է փակել»,- ասաց Վանեցյանը։
Հիշեցնենք, որ Ազատության հրապարակում Արթուր Վանեցյանը հայտարարել էր անժամկետ բողոքի ակցիաների մեկնարկի մասին:
Tert.am