Հատուկ քննչական ծառայության մասով «ցանկալի կլիներ», որ դադարեցնեք խայտառակ քաղաքական հետապնդումները. Վարդևանյանը՝ ՀՔԾ-ին
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանի խափանման միջոցի փոփոխման միջնորդությունը գտնվում է հենց Հատուկ քննչական ծառայության տիրույթում, քանի որ երաշխավորություն ներկայացնում են վարույթ իրականացնող մարմնին։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նրա պաշտպան Արամ Վարդևանյանը՝ պատասխանելով ՀՔԾ-ի հայտարարությանը:
«Քրեական դատավարության օրենսգրքի տարրական նորմերի մեկնաբանման, այդ թվում՝ 2020 թվականի փոփոխություններից ուսումնասիրման դեպքում պարզ է դառնում, որ երաշխավորության հարցը գտնվում է հենց իրենց քննության տիրույթում, քանի որ իբր վարույթն իրականացնող մարմին են: Միաժամանակ ՀՔԾ-ն տեղեկացված է նաև, որ միջնորդություն է ներկայացվել Գլխավոր դատախազին կալանավորման վերացման մասով, հետևաբար այս հայտարարության իրական նպատակը զուտ հայտարարություն անելն է»- գրել է Վարդեւանյանը՝ հավելելով. «Հատուկ քննչական ծառայության մասով «ցանկալի կլիներ», որ դադարեցնեք խայտառակ քաղաքական հետապնդումները, այդ թվում՝ այս գործով ծայրահեղ պրիմիտիվ ու աբսուրդի հասնող քրեական դատավարության տարրական նորմերից դուրս հետապնդումը, վերադարձեք իրավական հարթություն, չնայած բոլոր դեպքերում այդպես էլ լինելու է»:
Հիշեցնենք, որ քիչ առաջ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հայտարարություն էր տարածել և առնվազն տարօրինակ համարել Արմեն Չարչյանի նկատմամբ որպես խափանման միջոց անձնական երաշխավորությունն ընտրելու վերաբերյալ պաշտպանության կողմի՝ քննչական ծառայության քննիչին միջնորդություն ներկայացնելը:
Նշենք, որ երեկ՝ հունիսի 28-ին, ԱԺ 7 պատգամավոր անձնական երաշխավորություն էր ներկայացրել՝ միջնորդելով փոխել բժիշկ Արմեն Չարչյանի խափանման միջոցը։