2021 թվականի ընթացքում քննվել են պատերազմական հանցագործությունների վերաբերյալ 2150 քրեական գործեր: Տարվա ավարտի դրությամբ քրեական հետապնդում է իրականացվել 800 անձի վերաբերյալ: Այս մասին ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նիստում հայտնեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

«55 անձ այդ քրեական գործերով դատի է տրվել: Ունենք նաև համապատասխան դատավճիռներ: Ցավոք, պատերազմական գործողությունների ընթացքում մեր ԶՈՒ ներկայացուցիչներ, բազում սպաներ մարտական ծառայության պարտականությունները պատշաճ չկատարելու դրսևորումներ են ունեցել, որոնցով ունեցել ենք այդ անձանց նկատմամբ քրեական հետապնդումներ, ունենք նաև տրված այդպիսի անձինք: Մնացյալ գործերով նախաքննությունը շարունակվում է»,- ասաց Դավթյանը:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից կատարված հանցագործություններին՝ Դավթյանը նշեց. «Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության, զինծառայողների կողմից թույլ են տրվել միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումներ, կոնկրետ դեպքերում կանխամտածված թիրախավորվել են բնակավայրերը, քաղաքացիական անձինք, իրականացվել է քաղաքացիական անձանց սպանություն, պատերազմ վարելու կանոններ են խախտվել, արգելված զինատեսակներ են կիրառվել, թիրախավորվել և ոչնչացվել, վնասվել են հայկական պատմամշակութային արժեքներ և ազգային ատելության հողի վրա իրականացվել են բռնություն գործադրելու, խոշտանգման, սպանության գործողություններ»:

Նա ընդգծեց ահաբեկչության դրսևորումը 44-օրյա պատերազմի ընթացքում:

«Քրգործով ձեռք բերված օբյեկտիվ ապացույցներն ակնհայտորեն վկայում են այն մասին, որ 2020 թվականի հունիս-հուլիս ամիսներից սկսած Սիրիայի հյուսիսային հատվածներից հանրահայտ ահաբեկչական խմբավորումների կողմից իրականացվել են վարձկանների հավաքագրումներ: Հավաքագրված վարձկաններն անարգել տեղափոխվել են Թուրքիա-Սիրիա պետական սահմանով Թուրքիայի տարածք:

Թուրքիայից նրանք ինքնաթիռով տեղափոխվել են Ադրբեջան, այնտեղ իրականացվել է նրանց ռազմական պատրաստումը: Հրահանգավորում են ունեցել թիրախավորելու, սպանելու, խոշտանգելու քաղաքացիական բնակչությանը: 44-օրյա պատերազմին առնչվող քրեական գործերով քրեական հետապնդում է հարուցվել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության 60 ներկայացուցչի նկատմամբ»,- ասաց Դավթյանը:

1lurer.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն