ՀՀ ԱԺ պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը ֆբ-ի իր էջում գրել է․ 

«Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի նախօրեին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի ազգայնական ժեստը՝ ցուցադրված Մոնտեվիդեոյում հայ համայնքի ներկայացուցիչներին, դատապարտելի գործողություն է և ոչ մի կերպ չի նպաստում երկու ժողովուրդների միջև փոխըմբռնման մթնոլորտի և երկխոսության ձևավորմանը։ 

Ողջունում ենք ուրուգվայական կողմի անհապաղ արձագանքը՝ Թուրքիայի դեսպանին երկրի արտաքին գերատեսչություն կանչը՝ բացատրություններ ներկայացնելու համար»:

Աշխատանքային այցով Ուրուգվայում գտնվող Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ծաղրել էր Հայոց ցեղասպանության տարելիցի առնչությամբ ակցիա իրականացնող  խմբի անդամներին։

Տարածվել էր տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես Ուրուգվայում թուրքական դիվանագիտական ներկայացուցչությունից մեքենայով դուրս եկող Չավուշօղլուին տեսնելով՝ ցուցարարները սկսում են իսպաներենով վանկարկել՝ «մարդասպան»։ Ի պատասխան վանկարկումների, Չավուշօղլուն լայն ժպտում է և մատներով ցույց տալիս աջակողմյան ազգայնական «գորշ գայլերի» հայտնի նշանը, որը խորհրդանշում է թուրքական ազգայնականությունը։

Թուրք ազգայնականների՝ միմյանց ողջունելու այս ձևը 2019 թվականին արգելվել էր Ավստրիայում։ Գերմանիայում Քրիստոնեադեմոկրական կուսակցությունն ու Ձախերի կուսակցությունը ևս 2018 թվականին առաջարկել էին արգելել այն՝ ողջունման այդ ձևը ֆաշիստական անվանելով։

hy.armradio.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն