Ռոբերտ Քոչարյանը` իր և Լևոն Տեր-Պետրոսյանի գաղափարական վեճի մասին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Սարդարապատ-Երևան քայլերթի մասնակիցների հետ խարույկի շուրջ զրույցի ընթացքում անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդրին:
«Փակ սահմաններով մենք 7 տարի անընդմեջ եղել ենք աշխարհի ամենից արագ զարգացող երկրների տասնյակի մեջ: Իմ և առաջին նախագահի վեճը եղել է հետևյալ բանաձևի շուրջ. այն ժամանակ իրենք համոզված էին, որ մինչև Ղարաբաղի հարցը չլուծվի՝ սահման չի բացվելու, և մինչև սահմանները չբացվեն՝ հնարավոր չէ զարգանալ:
Իրականում այն ժամանակվա վեճի էությունը սա էր: Իմ մոտեցումը հետևյալն էր. մենք չենք անում անհրաժեշտ քայլեր զարգանալու համար: Պրոբլեմը մեր մեջ է, ոչ թե այդ սահմանի: Եվ 1998-ի իշխանափոխությունից հետո շատ արագ մենք այնպիսի տեմպեր ստացանք, որ միջին աճը տնտեսական 7 տարվա ընթացքում եղել է 12.5 տոկոս: Աշխարհի ամենից արագ զարգացող երկրների տասնյակի մեջ էինք, նույնիսկ վերջին հինգ տարին՝ հնգյակի: Դա չի նշանակում, որ փակ սահմանը լավ է:
Հիմա եթե այդ սահմանը բացվեր, միգուցե ավելի լավ լիներ: Բայց նաև չի նշանակում, որ դու սահմանը բացելու համար, պատրաստ ես ամեն ինչի»,-նշել է Քոչարյանը և անդրադարձել այսօրվա պայմաններում հայ-թուրքական սահմանի բացման վտանգներին:
«Մենք մրցակից ենք Թուրքիային, մեր գյուղատնտեսությունը մրցակից է: Չեն դիմանալու: Նույնիսկ եթե թուրքական կողմը վաղը ասի՝ առանց նախապայմանների սահմանը բացում եմ, մենք առնվազն մի 3 տարի ժամանակ պիտի վերցնենք և փորձենք սուբսիդավորման, լիքը բաներ վերանայենք մեր շուկան պաշտպանելու համար: Ուրեմն բանաձևը հետևյալը պիտի լինի. առաջին՝ սահմանի բացումը որևէ բանի՝ Ղարաբաղի հարցի կամ քաղաքական հարցերի հետ մի կապեք, մենք սահմանը չենք փակել, մեր կողմից բաց է: Այնպես որ՝ ուզում ես բացի, ուզում ես փակի: Բայց հենց բացես, ես իմ շուկան պիտի պաշտպանեմ, իմ գյուղացուն պիտի պաշտպանեմ:
Քո գյուղացու արտադրածը չպետք է էդ մարդու ձեռքը մնա: Երբ կարկուտ էր լինում, գյուղացին ուրախանում էր, որովհետև էնքան փող էինք տալիս, որ ավելի շատ էր ստանում, քան եթե էդ ապրանքը ծախեր: Հիմա ով է նայում՝ կարկուտ խփեց-չխփեց, ցուրտը տարավ-չտարավ, թքած ունեն: Գիտեք՝ ինչի՞ց է՝ էս մարդիկ կյանքում ֆիզիկական գործ չեն արել: Էն լապատկեն ձեռքին ոչ մեկը չի պահել: Ձեռներին, որ նայես՝ մազոլ չունեն: Ոչ բանվոր են աշխատել․․․ ես չգիտեմ ինչով են զբաղվել: Աշխատող մարդու ղարդը չեն հասկանում: Չգիտեն, գլուխ չեն հանում»,- եզրափակել է ՀՀ երկրորդ նախագահը:
168.am