Երկրի արտգործանախարարը մեկնում է Վաշինգթոն, բարձր մակարդակի հանդիպումներ ունենում։ ԱՄՆ-Հայաստան ռազմավարական երկխոսությունն սկսելու համաձայնագիր, ինչպես նաև մեկ առանձնահատուկ կարևոր համաձայնագիր է ստորագրվում միջուկային էներգիայի քաղաքացիական օգտագործման վերաբերյալ, որը ահռելի մեսիջ է պարունակում իր մեջ․ այն ամրագրում է Հայաստանի միջուկային ստատուսը, խաղաղ եղանակով օգտագործելու իրավունքը, անվտանգության երաշխիքներ տալիս այն ոտնձգություններից պաշտպանելու ու այլ հարցերում։ Ու հանկարծ հայկական ազգանունով մի թյուրիմացություն Վաշինգթոնում թուրքական դրոշով ծաղկեփունջ է տանում իբր երկրի ԱԳնախարարին։ Ես լինեի դուռը բացողի փոխարեն, կասեի՝ աղջիկ ջար, սա կտանես քո ծնողներին կամ քո դեսպանատուն, որի դրոշը բերել ես․․․ 

Ապշեցնող սինխրոնությամբ հայկական լոբբիստական կազմակերպություն ANCA-ն է սրտնեղած գրառումով անդրադառնում ՀՀ ԱԳ նախարարի վաշինգթոնյան այցելությանը ու "բողոք հայտնում" պետքարտուղարությանը․․․ 

Պատերազմից մեկ տարի անց Հայաստանը ակտիվ միջազգային հարաբերությունների մեջ է մտել՝ Ռուսաստանի հետ համատեղ ծավալուն հայտարարություն, այցելություններ Հնդկաստան, Անգլիա, ԱՄՆ, Վրաստան, ու անկախ Հայաստանի իշխանությունների հանդեպ քո վերաբերմունքից, պետք է որ միջին վիճակագրական հայը ուրախանար, որ երկրի ռեգիոնալ/միջազգային անվտանգության խճանկարներ են հավաքվում, որոնցով Հայաստանի անվտանգությունը կամրանա, պատերազմի ռիսկը կնվազի․․․ Բայց ոմանք կամ այդքան ուղեղ չունեն հասկանալու համար, կամ կատեգորիկ դեմ են, որ Հայաստանն անվտանգություն ունենա․․․

Ու ուզում եք երկրի խելոք մարդիկ չհասկանա՞ն, թե արդյո՞ք այս բազմաազիմուտ դիվանագիտական հարաբերությունները չէ, որ անհանգստացրել են ընդդիմությանը․․․ Ուզո՞ւմ եք չհասկանանք չասված տեքստը․․․ Չէ՞ որ փողոցում են այն ուժերը, որոնք Հայաստանի ու Ռուսաստանի ինտեգրման բարձր մակարդակի տարբերակներից մեկը չեն բացառել Ռուսաստանի գավառ դառնալը (Հայաստան դաշինք)։ Իսկ եթե ըստ նրանց Հայաստան չի լինելու, ի՞նչ "հայրենիքի" փրկության մասին է խոսքը․․․ Կարծում եք հասկացող չկա, թե ո՞րն է "առանց թուրքի Հայաստանի" հակոտնյան, որը չի ասվում․․․ Ըստ որում, շատ լավ հասկանալով, որ Հայաստանում ոչ մեկ չի դիտարկում Թուրքիայի կազմ մտնելը կամ վիլայեթ դառնալը, ու ամենասիրելի կամ ամենալեգիտիմ իշխանությունն անգամ պրոբլեմ կունենա բոլորիս հետ դրա մասին երազելու դեպքում․․․ Այդ դեպքում պա՞րզ չէ, թե ինչու է թուրքական սցենարը հրապարակ բերվում․․․ Որպեսզի ավտոմատ գա հակադիրը՝ "փրկվելու համար ում կազմում" է պետք լինել․․․

Ապավինում եմ իր պետականության համար անպատկերացնելի զոհողությունների գնացած իմ ժողովրդի իմաստնությանը։

Ստյոպա Սաֆարյան

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն