Մենք շատ կարևոր հարց ենք քննարկում այսօր և կարելի է՝ կարծում եմ՝ նյութը բաժանել երկու մասի: Առաջինը վերաբերում է նրան, որ, իրոք, մեր դատախազական համակարգում ընդգրկված իրավաբանները ծանր և ծավալուն աշխատանք են կատարել և կատարում: Դատախազությունն անկախ սահմանադրական մարմին է, և մեր խնդիրն է, ծանոթանալով կատարված աշխատանքին՝ հետևություններ անել, թե էլ ինչ անելիքներ ունենք: Այս մասին, ԱԺ-ում հայտարարեց ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը՝ նշելով՝ չի կարելի այդ նյութը քննարկել՝ առանց իրականությունը հաշվի առնելու:

«Իրականությունը ես նկատի չունեմ ոչ միայն այսօրվա օրը, այլև մեր ընթացիկ ճանապարհը այս 30 տարիների, թե պետական ինչ համակարգ ենք ձևավորում, հասարակական ինչ հարաբերություններ ենք ձևավորում այն իմաստով, որ մեր քաղաքացին իրեն զգա ազատ, վստահ լինի, որ համերաշխ մթնոլորտում է ապրում, իշխանությունն ու պետությունը համոզված լինեն՝ իրենք ուժեղ են:

Ահա, 98 թվականի պալատական հեղաշրջումից հետո այս ընթացքից մեր հասարակությունը, պետությունը շեղվեց: Ահա, 1998 թվականին իշխանությունը, ըստ էության զավթած մարդիկ, Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, ուժեղ պետության և ուժեղ իշխանության տեսլականը պատկերացրին հասարակությանը ենթարկեցնելու սկզբունքով դառնալ ուժեղ: Դա տարածված դեպք է պատմության մեջ, երբ իշխանությունը փորձում է ռեպրեսիվ ապարատով մարդուն զրկել ազատություններից, հասարակությանը՝ համերաշխություն հաստատելու հնարավորությունից՝ ստեղծելով ազդեցության ոլորտներ, քրեածին տարրեր, և կառավարել երկիրը, որից պատրանք է առաջանում, թե երկիրը ուժեղ ձեռք է կառավարում»,- ասաց պատգամավորը:

Վիգեն Խաչատրյանն ընդգծեց՝ 2018-ին հասարակությունը մերժել է համերաշխ ապրելու հնարավորությունից զրկելու վարքագիծը, մարդը մերժել է իրեն ազատություններից զրկելու վարքագիծը, և երկրում հաստատվել է օրինական իշխանություն:

«Դա չի նշանակում, որ բոլոր հարցերը սկսեցին լուծվել, բայց ակնհայտորեն նոր իշխանությունը, որն օրինական էր և դա ապացուցեց երկու անգամ, ընտրեց այլ ճանապարհ՝ ապահովել մարդու ազատությունները, երաշխավորել հասարակության համերաշխությունը և դառնալ այլ տիպի ուժեղ իշխանություն, որի հենարանը ոչ թե ուժային կառույցներն են ու ռեպրեսիվ ապարատը, այլ՝ հասարակությունը:

Մենք հենվելու ենք հասարակության վրա: Մեր օրինականության աղբյուրը պիտի լինի մեր ժողովուրդը»,- հավելեց պատգամավորը:

Վիգեն Խաչատրյանը ընդգծեց՝ դատախազությունը այդտեղ անելիք ունի և այդ անելիքը ճիշտ է ընտրել:

«Ընթացքը ճիշտ է, հրաժարվել ենք ցուցումներ տալ դատախազությանը, դատարաններին: Սխալ է դա, հո չե՞նք անելու: Նրանք, ովքեր ժամանակին ցուցումներ են տվել, ովքեր ռեպրեսիվ ապարատն օգտագործել են հասարակությանը ճնշելու համար, այսօր ոգևորված ոտքի են բարձրացել: Անօրինական հարստություն ձեռք բերած որոշ ճարպիկներ փորձում են վերականգնել նախկին դրվածքը, գործարար աշխարհին սպասարկող մարդկանց մեքենաները փողոցներ են փակում: Մենք այսօր պարտավոր ենք հավատարիմ մնալ մեր սկզբունքին՝ չենթարկեցնել հասարակությանը, չճնշել այն մարդկանց, որոնք դժգհոհ են մեր աշխատանքից»,- ասաց Խաչատրյանը:

1lurer.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն