Տպավորություն է, որ այդ մարդիկ որևէ կապ չունեն ԱԺ-ի հետ. Վլադիմիր Վարդանյանը՝ ընդդիմադիր պատգամավորների մասին
ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն ԱԺ ամբիոնից խոսեց ժողովրդավարության ու մարդու իրավունքների մասին:
«Բավականին լարված քաղաքական իրավիճակ է, և տարբեր անձինք տարբեր կարծիքներ են հայտնում գործընթացների վերաբերյալ: Մասնավորապես, ասում են, որ՝ գիտե՞ք, իշխանությունը շատ ավելի գործուն պետք է լինի, անհրաժեշտություն կա ավելի արդյունավետ միջոցներ կիրառել, բայց հետևյալն ասեմ. ժողովրդավարությունն առանց իրավունքի գերակայության ժողովրդավարություն չէ:
Դա ամբոխավարություն է: Մարդու իրավունքների մասին խոսելիս հստակ պետք է հասկանանք, որ մարդու իրավունքները այն հիմնարար արժեքն են, որ բխում են մեր արժանապատվությունից, բայց մարդու իրավունքները ևս որոշակի սահմանափակումներ ունեն, որոնք անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակության համար»,- ասաց Վարդանյանը:
Վարդանյանն անդրադարձ կատարեց նաև որոշ պաշտոնատար անձանց վարքագծին:
«Օրինակ՝ պարոն Իշխան Սաղաթելյանը, եթե չեմ սխալվում, դեռ շարունակում է ԱԺ նախագահի տեղակալ հանդիսանալ: ԱԺ նախագահի գործառույթներից մեկը ԱԺ բնականոն գործունեությունն ապահովելն է: Սրան հակառակ՝ ունենք իրավիճակ, երբ ոչ միայն չի ապահովվում այդ բնական գործունեությունը, այլև ամեն ինչ արվում է, որ այն խաթարվի:
Այնպիսի տպավորություն է, որ այդ մարդիկ որևէ կապ չունեն ԱԺ-ի հետ, երբևէ չեն ընտրվել, պարզապես իրենց դիտարկում են որպես արտախորհրդարանական ինչ-որ մի շարժում, որը փորձում է բարձրաձայնել հարց, որը Կառավարությունը կամ ԱԺ-ն չի լսում, կարիք է առաջանում դրան հստակ անդրադարձ կատարելու:
Պարոն Սաղաթելյանը երդում էլ չի տվել: Իմ հարգելի գործընկերներին կոչ եմ անում երդումը դրժելու համար պատասխանատվության հետ կապված նախաձեռնությունը պարզապես կյանքի կոչել»,- ասաց նա:
Վարդանյանը խոսեց նաև այս օրերին ոստիկանության գործողությունների մասին:
«Ոստիկանությունը բիրտ ուժ ե՞րբ է կիրառել: Ոստիկանությունը կատարում է իր գործառույթները՝ փորձելով ապահովել քաղաքացիների մյուս իրավունքների իրականացումը: Ոստիկանությունը պարտավոր է գործել օրենքի շրջանակներում, պարտավոր է հարգել «Հավաքների ազատության մասին» օրենքը, պարտավոր է հարգել «Ոստիկանության մասին» օրենքը: Միաժամանակ Ոստիկանությանը կոչ եմ անում պահպանել օրենքը»,- նշեց նա:
Վարդանյանի խոսքով՝ ընդդիմադիրների գործողություններն իշխանության համար պայքար չեն:
«Այդ մարդիկ կատարում են 5-րդ շարասյան գործառույթներ: Նրանց պետք չէ ո՛չ իշխանությունը, ո՛չ Ազգային ժողովը, ո՛չ երկիրը, ո՛չ միջազգային հարաբերությունները, ո՛չ Արցախը: Նրանց պետք է կատարել 5-րդ շարասյան գործառույթ, ինչը նրանց չի հաջողվելու»,- ընդգծեց Վարդանյանը:
1lurer.am