Հանդիպում եմ ունեցել մասնավոր մանկապարտեզների տնօրենների հետ, որոնք ստեղծել են ասոցացիա։ Այս մասին Ազգային ժողովում իր ելույթում ասաց Աժ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։

«Խնդիրը վերաբերում է նրան, որ լիցենզիայի մասին օրենքի ընդունումից հետո պետք է մշակվեն ենթաօրենսդրական կարգեր, սակայն առողջապահության նախարարության այս պահին գործող և հետագայում առաջարկվող կարգերը բավականին լուրջ խնդիրներ են առաջացնում մասնավորապես մասնավոր մանկապարտեզների համար, հնարավոր է այնպես ստացվի, որ ինչ-ինչ պատճառներով մի շարք մանկապարտեզներ փակվեն, թերևս այդ կարգերի մեջ չեն տեղավորվում անգամ պետական մանկապարտեզները»,-ասաց նա՝ անդրադառնալով կառավարության կողմից ներկայացված լիցենզավորման մասին օրենքում լրացում կատարելուն։

Սոֆյա Հովսեփյանը նկատեց, որ թեև հանձնաժողովում կարծիք հայտնեցին առ այն, որ թող փակվեն, և այդ կարծիքին է նաև առողջապահության նախարարությունը, սակայն իրենք չենք կարող այս հարցին արկածախնդրորեն մոտենալ, որովհետև, ինչպես ինքն է նշում, նախադպրոցական կրթության տարիք ունեցող երեխաների տանը մնալու խնդիրը ամենալուրջ խնդիրներից մեկն է մեզ համար։

«Այդ պարագայում կփակվեն գրեթե բոլոր պետական մանկապարտեզները, և մենք կունենանք բառացիորեն նախադպրոցական կրթության ձախողում։ Մենք պետք է զարգացնենք այս ոլորտը և ոչ թե դեգրադացնենք»,–ասաց նա։

Նշենք, որ ներկայացնելով օրենքի նախագիծը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն ասաց, որ նախագծի նպատակն է կարգավորել վերահսկողության մեխանիզմները նախադպրոցական կրթության ոլորտում և լիցենզավորման դաշտ բերել նախադպրոցական ծառայությունները։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն