Նախատեսվում է իրականացնել 5 նոր դրամաշնորհային ծրագիր. ընդհանուր գումարը կկազմի 28,25 մլն եվրո. Վահրամ Դումանյան
Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրի (22 մլն 600 հազար եվրո) ստորագրման առաջարկությանը:
««Կրթության բարելավում» վարկային ծրագիրը Համաշխարհային բանկի աջակցությամբ մեկնարկել է 2015 թվականին:
Ծրագրի շրջանակներում ստեղծվել են 136 նախակրթարաններ, որոնցում ընդգրկված են 4-6 տարեկան 13 580 երեխաներ, հիմնանորոգվել է 13 ավագ դպրոց, 107 ավագ դպրոցներ համալրվել են բնագիատական առարկաների 335 լաբորատորիաներով: 585 դպրոց վերազինվել է համակարգչային տեխնիկայով: Դրանց միջոցով կազմակերպվել են հեռավար ուսուցման սենյակնր գյուղական այն դպրոցներում, որտեղ ուսուցչի պակաս կա. այժմ 53 նման դպրոցներում մենթոր դպրոցների ուսուցիչները էլեկտրոնային եղանակով դասավանդում են այդ առարկաները: Ավելի քան 4 000 ուսուցիչ և վարչական աշխատող վերապատրաստվել են ուսումնական գործընթացքում տեղեկատվական գործիքների կիրառման ուղղությամբ, վերանայվել են հանրակրթության 6 ուսումնական ոլորտների առարկայական չափորոշիչները և ծրագրերը»,- ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ ավելացնելով, որ 15 բուհի տրամադրվել են դրամաշնորհներ, որոնց արդյունքում բուհերում ստեղծվել են նորակարարական գիտակահետազոտական կենտրոններ:
Հաշվի առնելով վերջնարդյունքները՝ Դումանյանը նշեց, որ Կառավարությունը դիմել է Համաշխարհային բանկին՝ տրամադրելու լրացուցիչ ֆինանսավորում՝ ծրագրի հետագա շարունակականությունն ապահովելու համար:
«Նոր ծրագրով 80 բնակավայրում կստեղծվեն մատչելի նախադպրոցական կրթական ծառայություններ, որոնցում ներգրավված կլինի 4-6 տարեկան շուրջ 3 հազար երեխա, կհիմնանորոգվեն, կկահավորվեն և կվերազինվեն 74 ավագ դպրոցներ՝ շինարարական և անվտանգության չափանիշներին համապատասխան: 200 հանրակրթական դպրոցների կտրամադրվեն բնագիտական և ինժեներական 5-ական լաբորատորիաներ, կիրականացվեն կրթության կառավարման տեղեկատվական համակարգի կիրառության, գործընթացների հետագա թվայնացման, տվյալների վիզուալիզացիայի նոր հնարավորությունների ներդրման աշխատանքներ, կշարունակվի բուհերում նորարարական գիտահետազոտական կենտրոնների ստեղծումը: Ծրագրի արդյունքում նախատեսվում է իրականացնել 5 նոր դրամաշնորհային ծրագրեր. նախատեսվող ծրագրի ընդհանուր գումարը կկազմի 28,25 մլն եվրո, այդ թվում՝ վարկային միջոցներից 22,6 մլն եվրո, իսկ պետբյուջեի միջոցներից՝ 5,65 մլն եվրո»,- ասաց Վահրամ Դումանյանը:
Նախարարը նշեց, որ նիստին չզեկուցվող հարցն առնչվում է Կառավարության կողմից նախադպրոցական ծառայությունների ընդլայնման քաղաքականությանը. Կառավարությունը հողամաս է նվիրաբերում Լոռու մարզի Սպիտակ համայնքին, որպեսզի Լուսաղբյուրում կառուցվի 144 տեղանոց մոդուլային մանկապարտեզ:
1lurer.am