Ազգային ժողովի նիստերը բոյկոտած ընդդիմությունը ավանդական ճեպազրույցներին այսօր ներկա չէր և խորհրդարանական շաբաթն ամփոփեց արդեն 5-րդ օրը փակ Ֆրանսիայի հրապարակում։ Նիկոլ Փաշինյանի հեռանալու հանրային պահանջն ակնհայտ է՝ հայտարարեց ԱԺ նախագահի տեղակալ Իշխան Սաղաթելյանը՝ հավելելով, թե իշխանությունն իրավիճակին չի տիրապետում:

Իշխան Սաղաթելյան (ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ) - Օրեցօր շարժումը թափ է հավաքում, մեր հայրենակիցները ոտքի են կանգնում՝ չնայած բազմաթիվ դժվարություններին:

Ընդդիմադիր ԱԺ փոխխոսնակը միջազգային հանրությանը կոչ արեց չլռել: Ըստ նրա՝ ժողովրդավարության բաստիոն հայտարարված Հայաստանում իշխանությունները բռնապետություն են փորձում հաստատել:

Իշխան Սաղաթելյան - Իրենք պետք է արձագանքեն, իրենք իրենց լռությամբ նպաստում են, որպեսզի օրվա իշխանությունը ապօրինի ճնշումներ գործադրի ՀՀ քաղաքացիների նկատմամբ:

Խորհրդարանական մեծամասնությանն ուղղված հարցերը կառավարություն-խորհրդարան հարցուպատասխանի և ընդդիմության գործողությունների մասին էին:

Վահագն Ալեքսանյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Նրանք հերթական անգամ փախան ճշմարտությունից, փախան բովանդակային քննարկումից:

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՓԱԽՉՈՒՄ Է ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԻՑ. ՊԱՏԳԱՄԱՎՈՐ

Երեկ «Զարթնիր, Լաո» երգելով խորհրդարան եկած ընդդիմադիր «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները լքեցին նիստերի դահլիճը, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախի բանակցությունների վերաբերյալ հարցին պատասխանելիս հայտարարեց, որ բացահայտում է անելու:

Արթուր Հովհաննիսյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար) - Վարչապետն ուներ կոնկրետ ասելիք ընդդիմադիրներին: Ընդդիմադիրները, այդ փաստով պայմանավորված, միանգամից փախան դահլիճից, որովհետև, ըստ էության, ընդդիմությունը ճշմարտությունից մշտապես փախել է, և սա էլ բացառություն չէ:

Իշխանության ներկայացուցիչները հայտարարեցին՝ Նիկոլ Փաշինյանի հեռանալու հանրային պահանջ չկա, ինչը վկայում է նաև ընդդիմության հանրահավաքների ու երթերի սակավամարդությունը:

Վահագն Ալեքսանյան - Իշխան Սաղաթելյանն ամեն օր տարբեր ձայներով հայտարարի, որ ամեն ինչ ավարտված է, իրենց շարժումն ավելի շուտ կավարտվի: Օրինակ՝ 2018 թվականի հեղափոխության ժամանակ, երբ մարդիկ իսկապես դուրս էին գալիս ու հավաքվում էին փողոցներում, հաճախ էր խոսվում, որ իրենց միացել են Գավառի, Իջևանի, Նոյեմբերյանի բնակիչները։ Հիմա Իշխան Սաղաթելյանը պետք է բեմից հայտարարի, որ իրենց միացել է ՀՀԿ-ից նախկին փոխնախարարը՝ իր բետոնախառնիչներով:

Իշխանության ներկայացուցիչներին լրագրողները նաև հիշեցրին, որ հեղափոխության օրերին Նիկոլ Փաշինյանը խոնարհվում էր ժողովրդի առաջ, իսկ երեկ խորհրդարանի բակում լուսաձայնային նռնակներ էին տեղադրվել: Արթուր Հովհաննիսյան էլ, իր հերթին, այլ բան հիշեցրեց:

Արթուր Հովհաննիսյան - Դուք երևի մոռացել եք՝ ինչ է կատարվել երկրում վերջին մեկ տարում, մոռացել եք երևի՝ ինչու փակվեցին ԱԺ դարպասները, ինչ եղավ ԱԺ շենքում, Կառավարությունում նոյեմբերի 9-ին, երևի ԱԺ նախագահի դեմ մահափորձը մոռացել եք… Էդ ամենի ակտիվ մասնակիցներն ու կազմակերպիչները դեռևս կան ու ակտիվություն են ցուցաբերում: ՀՀ-ում ժողովրդավարությունից մի միլիմետր շեղում չի լինելու, և ցանկացած ոտնձգություն շատ կոշտ օրենքի պատին է հանդիպելու:

Վարչապետի հրաժարականը պահանջող ընդդիմության ներկայացուցիչները հայտարարում են՝ իրենց նպատակը Արցախի փրկությունն է:

Հնարավո՞ր է՝ իշխանությունը կոնկրետ Արցախի հարցով ընդդիմության հետ քննարկումներ ունենա: Այդ հարցին Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց, թե ընդդիմության նպատակը Արցախը փրկելը չէ, այլ իշխանության զավթումն է, իսկ Արցախի դրոշները տարբեր տեղեր տեղադրելով՝ Արցախ չեն փրկում: Միևնույն ժամանակ, պատգամավորը նշեց, որ ընդդիմությանը հանրային նաև ոչ հանրային կերպով առաջարկել են գնալ, ծանոթանալ տարբեր փաստաթղթերի, տեղեկատվությունների, որոնք հնարավոր չէ հրապարակային հնչեցնել:

Արթուր Հովհաննիսյան - Եթե նրանք մտնեն և ծանոթանան ամբողջ ճշմարտությանը, չեն կարող դուրս գալ փողոց և «ծակ» բաժակներով կենաց ասել: Ընդդիմության միակ նպատակը իշխանության զավթումն է, բայց նրանք, ըստ էության, տապալվել են:

Հայաստանում ժողովուրդն է իշխանություն, Հայաստանը՝ որպես պետություն, իր ուժային կառույցներով, կառավարությամբ, օրենսդիր մարմնով ամուր կանգնած է իր տեղում և թույլ չի տալու, որ ժողովրդավարությունն օգտագործեն՝ որպես խուլիգանություններ և անկարգություններ անելու միջոց՝ եզրափակեց Արթուր Հովհաննիսյանը:

1lurer.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն