Մայիսի 5 -ին ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հարցազրույց է տվել Երկիր մեդիայի «Հարցազրույց» հաղորդաշարին, որտեղ անդրադարձել է մայիսի 4-ին ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպին: Նա մասնավորապես նշել է, որ ԱԺ գնալու նպատակը Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հանրային պահանջի փոխանցումն էր քաղաքական մեծամասնությանը և անձամբ վարչապետին, որ կառավարության հետ հարցուպատասխանի ձևաչափով գտնվում էր ԱԺ-ում:

Հարցին, թե ինչու միջադեպ գրանցվեց և ինչո՞ւ ընդդիմադիր պատգամավորները հեռացան դահլիճից՝ չլսելով Փաշինյանի «բացահայտումը», Արմեն Ռուստամյանը պատասխանել է, որ իրենք Փաշինյանի հետ երկխոսության նպատակ չեն ունեցել, այլ փորձել են կանոնակարգով իրենց հասանելի 3 րոպեն օգտագործել ամբողջությամբ և ներկայացնել վարչապետի հրաժարականի հանրային պահանջի տեքստը: «Այնպես որ թյուրըմբռնում կա այն հայտարարությունների մեջ, թե մենք գնացել էինք Նիկոլի հետ հարցուպատասխանի մասնակցելու»,- ասել է Արմեն Ռուստամյանը:

Ըստ Արմեն Ռուստամյանի՝ իրականությունը բոլորովին այլ է, և իրենք հարցուպատասխանի չեն գնացել: «Նաև՝ որպեսզի տպավորություն չստեղծվի թե մենք միայն փողոցով ենք մեր պահանջները ներկայացնում, ինչպես հայտարարում են իշխանությունները, չունենք այդ համարձակությունը, որ իր երեսին այդ ամենը ասել, մենք որոշեցինք, որ հենց իր երեսին այդ ամեն ինչն ասվի: Եվ ես կարծում եմ, որ մենք մեր առջև դրված խնդիրն ամբողջությամբ լուծել ենք»,- ընդգծել է Արմեն Ռուստամյանը:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն