Նիկոլ Փաշինյանի դեմ զոհերի ծնողների բողոքը պետք է քննվի բազմակողմանի․ Արգիշտի Քյարամյան
Պատերազմը վարել է հայ ժողովուրդը, հայկական բանակը, այդ թվում նաև իշխանությունը։ Չնայած այն հանգամանքին, որ Շուշին այսօր օկուպացված է, մենք այնուամենայիվ նշում ենք Եռատոնը, որովհետև այն իրողությունները, որոնք տեղի են ունեցել, մեզ համար տոներ են, այդ թվում՝ Շուշիի ազատագրումը։ Այս մասին «Հաղթանակի» զբոսայգի այցելության ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։
Հարցին՝ Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ում արած այն հայտարարությունից հետո, որ կարող էին կանխել պատերազմը, որի արդյուքնում կունենայինք նույն իրավիճակը, բայց առանց զոհերի, բավարար հիմք չէ՞ նրան որպես մեղադյալ ներգրավվելու համար, Քյարամյանն ասաց․ «Այդ գործը կարճ ժամանակ առաջ Դատախազության մոտեցմամբ տեղափոխվել է Քննչական կոմիտե, ընդունվել է վարույթ, այժմ զինվորական քննչական վարչությունում ծանոթանում են, պետք է ծանոթանանք, ըստ այդմ էլ կընթանա գործի քննությունը։ Գործի հետ կապված այլ բան չեմ կարող ասել։ Որպես իրավաբան ես կարող եմ հետևյալն ասել՝ գործը պետք է քննվի օբյեկտիվ և բազմակողմանի։ Քննության ընթացքում պետք է պարզաբանվեն բոլոր պարզաբանման ենթական հանգամանքները»։
Նշենք, որ քիչ առաջ բարձրաստիճան պետական այրերը Նիկոլ Փաշինյանի, ՀՀ նախագահի գլխավորությամբ, ուժեղացված անվտանգության ուղեկցությամբ ժամանել են «Հաղթանակ» զբոսայգի:
Tert.am