«Ադրբեջանական դիվանագիտության հիմնական գործը վերջին ամիսներին հետևյալն է: Նրանք գնում են ԵՄ, ԱՄՆ և ասում են՝ ահա, տեսեք Հայաստանը պրուսական երկիր է, որոշ դեպքերում ասում են՝ պրոքսի ռուսական կառավարությամբ, հետո դրանից հետո մեկնում են Ռուսաստան, ասում են՝ տեսեք Հայաստանը պրոարևմտյան երկիր է, տեսեք ոնց են Արևմուտքի հետ հարաբերությունները սերտացնում», ասել է Հայաստանի վարչապետը Միջազգային հարաբերությունների նիդերլանդական ինստիտուտում ելույթի ժամանակ:

Այս հանգամանքը հատկապես վերջին ամիսներին, հատկապես ուկրաինական այս պատերազմի ֆոնին առավել քան տեսանելի է թեկուզ ադրբեջանական պրոպագանդային հարթակներին հետեւելով: 

Այն, որ Ադրբեջանը դրսեւորում է այդպիսի վարքագիծ՝ Ռուսաստան եւ Արեւմուտք հղել արեւմտամետության կամ ռուսամետության «մատնագրեր» Հայաստանի հասցեին, բոլորովին զարմանալի չէ: Զարմանալին այն է, որ գործնականում նույն բանը՝ կամա, թե ակամա անում են տարբեր հայաստանյան եւ հայկական շրջանակներ, Հայաստանի հասցեին «մատնագրություն» անելով՝ որոշները նույնպես թե Ռուսաստան, թե Արեւմուտք, որոշներն էլ՝ կամ Ռուսաստան, կամ Արեւմուտք:

Էն դեպքում, երբ ներկայիս բարդագույն աշխարհաքաղաքական փուլում, անկախ որեւէ քաղաքական հայացքից, Հայաստանով մտահոգ որեւէ ուժի, խմբի, անձի, գործչի խնդիր պետք է լինի առաջ մղել մի գաղափար՝  կան օբյեկտիվ իրողություններ եւ անհրաժեշտություններ Ռուսաստանի հետ կապված, եւ կա դրանցով հանդերձ նաեւ Արեւմուտքի հետ սերտ աշխատելու անհրաժեշտություն, ու այդ ամենում թեկուզ հարաբերական բալանս պահելու խնդիր: Ու այդ խնդիրը ներկայիս խիստ զգայուն փուլում չպետք է ենթարկել ոչ քաղաքական, ոչ էլ աշխարհաքաղաքական համակրությունների կամ ճաշակի:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն