«Գնալու ենք մինչև վերջ և այս պայքարը ավարտելու ենք հաղթանակով»,- այս մասին այսօր Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց «Դիմադրություն» շարժման առաջնորդներից, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։

«Սա արժանապատիվ քաղաքացիների պայքար է, պայքար է ընդդեմ ստի, ընդդեմ ազգային խայտառակության, կապիտուլյացիայի և երկիրը նոր զիջումների տանելու»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նա նշեց, որ լինելով 132 տարվա ավանդույթներ և կենսագրություն ունեցող կուսակցության ներկայացուցիչ դյուրին չէ հայտարարել, որ մի կողմ են դնում կուսակցական պատլանելիությունը և համախմբվում մեկ գաղափարի շուրջ, բայց դա արեցին, դա արեցին նաև բոլոր քաղաքական ուժերը։

«Դրանով մենք ուղերձ հղեցինք մեր ժողովրդին, հասարակության տարբեր խավերի ներկայացուցիչներին, որ սա պայքար չէ իշխանության համար, սա պայքար է հանուն երկրի, որի վիճակն օրհասական է  և սա ամենևին նախընտրական պայքար չէ։ Եւ այդ հարցն այսօր լուծված է»,- նշեց Իշխան Սաղաթելյանը։

Ապա ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը ներկայացրեց, թե ինչ քայլեր են հաջորդելու վարչապետի հրաժարականին:

«Պետության ողնաշարը հանդիսացող համակարգերի վերականգնում, պետք է ստեղծենք մրցունակ, առաջադեմ, նոր տեխնոլոգիաների հիման վրա տնտեսություն, կազմաքանդված, բարոյալքված բանակի փոխարեն պետք է ունենանք մարտունակ, սպառազինություններով հագեցած զինված ուժեր, այդ բանակը պետք է լինի ոչ միայն պաշտպանողական, այլև հարկ եղած դեպքում նաև հարձակվողական բանակ:

Մուրացիկ դիվանագիտության փոխարեն պետք է ունենանք ազգային շահերի վրա հիմնված պրոֆեսիոնալ, նախաձեռնողական, գործընկերային, բայց ոչ երբեք ստրկային քաղաքականություն: Արտաքին քաղաքականության ոլորտում պետք է հանդես գանք մեր օրակարգով և Հայաստանի ու Արցախի շահերը սպասարկող օրակարգով», - հայտարարեց շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը:

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն