Անառարկելի է թանգարանների դերը ազգի պատմության հանրահռչակման, քաղաքացիական և ազգային դաստիարակության գործում. Վահրամ Դումանյան
ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ուղերձ է հղել Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ:
Ուղերձում մասնավորապես ասվում է.
«Սիրելի՛ թանգարանագետներ, թանգարանային գործի նվիրյալ աշխատակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ:
Թանգարանները կարևորագույն հաստատություններ են, որոնց առաքելությունը միտված է ազգային և համամարդկային մշակույթի պահպանմանն ու տարածմանը:
1977 թվականից Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) առաջարկով միջազգային հանրությունը մայիսի 18-ը նշում է որպես Թանգարանների միջազգային օր՝ նպատակ ունենալով համախմբելու թանգարաններին հասարակության և մարդկության առջև ծառացած գլոբալ մարտահրավերների շուրջ, միաժամանակ բարձրացնելու հանրային իրազեկվածությունն այդ մարտահրավերների դիմագրավման և թանգարանների կարևորագույն դերի, հնարավորությունների ուղղությամբ:
2022 թ. Թանգարանների միջազգային օրվա խորագիրն առաջարկում է բացահայտել թանգարանների ուժը երեք առանցքային միտումների համատեքստում՝ կայուն զարգացում, նորարարական-տեխնոլոգիական հասանելիություն և շարունակական կրթություն, որոնք կարևորագույն գործոններ են համայնքների զարգացման և քաղաքացիական հասարակության ձևավորման գործում:
Պահպանելով հիմնական առաքելությունը՝ հավաքչություն, պահպանություն, կրթություն, հետազոտություն, ցուցադրություն, հաղորդակցում, թանգարաններն այսօր վերափոխվում են՝ դառնալով միջգիտակարգային հանգույցներ, որոնք ավելի ինտերակտիվ են, ճկուն և համայնքակենտրոն:
Ընդլայնելով իրենց դերը որպես մշակութային-կրթական կենտրոններ՝ թանգարանները թիրախավորում և հասցեագրում են արդի խնդիրները՝ վերարժևորելով իրենց հավաքածուները և ժառանգությունը, ստեղծելով ավանդույթներ, որոնք նորովի են ներկայացնում մեր անցյալը և փոխանցում նոր գաղափարներ՝ կառուցելու ավելի լուսավոր և կայուն ապագա:
Անառարկելի է թանգարանների դերն ազգի պատմության հանրահռչակման, քաղաքացիական և ազգային դաստիարակության, և այս համատեքստում՝ թանգարանային ոլորտի աշխատակիցների մասնագիտական ներդրումը և անձնական նվիրումը թանգարանների զարգացման և կայացման գործում:
Կրկին շնորհավորում եմ ձեզ Թանգարանների միջազգային օրվա առթիվ, մաղթում բեղուն աշխատանքային գործունեություն, լավատեսություն և նորանոր ձեռքբերումներ»: