«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է տնտեսագետ Կարեն Սարգսյանը

-Պարոն Սարգսյան, վերջին օրերին ռուսական բանկերը սկսել են ակտիվորեն նաև հայկական դրամով հաշիվներ բացել։  Սա որքանո՞վ կնպաստի երկու երկրների առևտրատնտեսական կապերի ակտիվացմանը։

-Սա նախևառաջ իրականացվում է ԵԱՏՄ շրջանակում ֆինան77սական շուկաների միասնականացման շրջանակներում և  նախատեսված է աստիճանաբար ընդլայնել  ֆինանսական ինտեգրումը։ Ուղղակի ռուս-ուկրաինական պատերազմն այդ գործընթացներն ավելի արագացրին։ Այս իրավիճակում միանշանակ դրական եմ համարում, որովհետև սա նաև ԵԱՏՄ շրջանակներում ազգային արժույթներով վճարներ իրականացնելու քայլերին է միտված։ Այսինքն՝ մենք ցանկացած դեպքում թե Ռուսաստանում հայկական դրամով հաշիվները, թե Հայաստանի բանկերում ռուսական ռուբլով հաշիվները նշանակում են փոխադարձ առևտրաշրջանառություն իրականացնել ազգային արժույթներով, որը, բնականաբար, կնպաստի ԵԱՏՄ անդամ բոլոր պետությունների, տվյալ դեպքում՝ Հայաստանի առևտրաշրջանառության զարգացմանը, ինտեգրմանը, ռիսկերի նվազեցմանը, քանի որ հաշվարկներն իրականացվելու են ազգային արժույթով, ինչը մեզ համար գերադասելի, քան երրորդ երկրի արտարժույթով։

-Այս ընթացքում ռուս շատ գործարարներ են հաշիվներ բացել հայկական բանկերում, որոնք, սակայն, ՌԴ բանկերում ունեն իրենց հաշիվները։ Փաստացի նրանց ձեռնտու է ունենալ նաև դրամական հաշիվներ, որ կարողանան ազատորեն գործարքներ կատարել:

-Իհարկե։ Տեսեք՝ եթե ռուս գործարարը հայաստանյան շուկաներում փորձում են բիզնես դնել, զարգացնել, կամ ապրանքներ ձեռք բերել առքուվաճառքի հետ կապված, ապա ռուսական բանկերում հայկական դրամով հաշիվներ բացելը կնպաստի, որ գարծարքներ անելիս միանգամից ռուբլին փոխարկեն դրամի և դրամով էլ գործարքը իրականանա։ Այսինքն՝ սա նվազեցնում է թե միջնորդական ծախսերը, թե արտարժույթի առք ու վաճառքի փոխարժեքների տատանումների հետ կապված ռիսկերն է նվազեցնում։ Օրինակ՝ եթե ռուս գործարարը Հայաստանից ուզում է ապրանք ձեռք բերել,  պետք է ռուսականը վերածեր դրամի, հետո ապրանքը գներ, տաներ Ռուսաստան, այնտեղ վաճառեր, հետո  փողը փոխանակեր արտարժույթի: Նույնիսկ եթե փոխարժեքի տատանումը չլինի, միայն առքուվաճառքի, փոխարժեքների տարբերությունից մարդը վնաս է կրում: Իսկ եթե իր մոտ կուտակված հայկական դրամ կա, միանգամից այն բերում է Հայաստան ու դնում շրջանառության մեջ: Հայերի տեսանկյունից էլ եմ սա դրական համարում, որովհետև ազգային արժույթով գործարքների ընդլայնումը միանշանակ մեր տնտեսության համար դրական ազդակ է:

-Ինչպե՞ս եք գնահատում, որ Ռուսաստանի Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը 14 տոկոսից նվազեցրեց մինչ 11 տոկոսի:

Սա արդեն երրորդ նվազեցումն է, եթե հիշում եք, փետրվարին պատժամիջոցների հետևանքով ռուսական ռուբլին կտրուկ գահավիժեց և որպես դրան հակազդող միջոց հանդիսացավ ռուսական բանկերում վերաֆինանսավորման տոկոսադրույքի աննախադեպ բարձրացումը՝ մինչև 20 տոկոս: Այդ ժամանակ արդեն հայտարարվեց, որ դա ժամանակավոր միջոցառում է, և հետագայում կախված փոխարժեքի հետ կապված զարգացումներից վերաֆինանսավորման տոկոսադրույքը կխստանա կամ կմեղմվի: հետագայում աստիճանաբար ռուսական ռուբլին սկսեց արժևորվել, և Ռուսաստանի ԿԲ-ն դիմեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցնելու քայլերին: Սկզբում նվազեցվեց 20-ից 17-ի, հետո 14-ի, և սա երրորդ նվազեցումն է: Ընդ որում, սա ԿԲ արտահերթ նիստով է արվել, այսինքն իրավիճակն այնպիսին էր, որ Ռուսաստանի բանկը կարևոր էր համարում արագ նվազեցնել տոկոսադրույքը, քանի որ արժութային շուկայում ռուբլին գերարժևորման միտումներ էր ցուցաբերում: Չափից ավելի արժևորված արժույթը արտահանման համար խոչընդոտ է հանդիսանում: Այս ֆոնին նաև նկատվեց գնաճի տեմպերի նվազում: Դրա համար Ռուսաստանի ԿԲ-ն դիմեց այս քայլին, որ կանխի ռուբլու հետագա գերարժևորումը և ռուբլին բերի ավելի կանխատեսելի ու իրատեսական միջակայք: Բնականաբար, ԿԲ-ի այս քայլին անմիջապես հաջորդեց դոլարի և եվրոյի մոտ 3-5 տոկոս արժևորումը ռուբլու նկատմամբ: Բնականաբար, այս որոշումը անմիջապես ազդում է արժութային շուկայի վրա, ներդրողների կանխատեսումների և հետագա գործողությունների վրա:

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն