Արցախը փրկում են ոչ թե կենտրոնով շրջապտույտներ և սելֆիներ անելով, այլ գործով. Ալեն Սիմոնյան
Իշխան Սաղաթելյանը բեմից անընդհատ ինչ-որ ժամանակներ է ասում, ասում է՝ 72 ժամ, հետո՝ օրեր մնացին, ժամեր մնացին, մի քիչ էլ դիմացեք: Իրենք չեն հասկանում, որ հենց այդ բառերով իրենց մատնում են, որ «տուպիկի» առաջ են կանգնած և փորձում են այդ «տուպիկից» ինչ-որ ելք գտնել, բայց ամեն անգամ իրենց երթերը, ցույցերը, ելույթները լսելով՝ ապշում եմ, թե ոնց կարելի է անընդմեջ ընդդիմության կողմից արված 20-30 տարվա սխալների ցիկլի մեջ մնալ ու կրկնել: Ես նրանց հաջողություն եմ մաղթում, նրանց դա պետք կգա: Այս մասին Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Ինչ վերաբերում է ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների՝ հունիսի 3-ին նշանակված ԱԺ արտահերթ նիստին ՔՊ-ի չմասնակցելու մասին որոշմանը, ԱԺ նախագահն ասաց, որ ամեն ինչ ասված է հայտարարության մեջ:
«Այդ նախաձեռնությունը իրավիճակից ինչ-որ մի ելք գտնելու հերթական փորձ է»,- ասաց Ալեն Սիմոնյանը:
Նա հիշեցրեց՝ այսօր վարչապետը ներկայացրել է բյուջեի հետ կապված տվյալներ:
«Աննախադեպ բան է արվել և արվում այս իշխանության կողմից Արցախի համար. Արցախը փրկում են ոչ թե կենտրոնով շրջապտույտներ և սելֆիներ անելով, այլ Արցախը փրկում են գործով, իսկ դա նրանք չեն անում»,- ընդգծեց Ալեն Սիմոնյանը:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե արդյոք իշխող խմբակցությունը ընդդիմության հրավիրած արտահերթ նիստին չմասնակցելով չի ստեղծում տպավորություն, որ Արցախի կարգավիճակի հստակեցման մասին որևէ փաստաթղթի ներկայացման դեպքում իշխանությունը խուսափում է հստակեցումից, Սիմոնյանը տվեց բացասական պատասխան:
«Դա մի կեղծ գործընթաց է, որը միտված է ընդդիմության երեսը փրկելու՝ այն, որ հայտարարել էին, թե դուրս են եկել փողոց և չեն վերադառնալու, այդ իրավիճակից դուրս գան: Արցախի խնդիրների, բանակցությունների հետ կապված բոլոր գործընթացները մաքսիմալ թափանցիկ են արվում: Մեր ժողովրդին ընդհանուր առմամբ ամեն ինչ ասվում է, և վարչապետը բազմիցս ասել է, որ որևիցե գործընթաց, որը որ չի ներառի Արցախի կարծիքը, չի ներառի ՀՀ քաղաքացիների կարծիքը, չի լինելու և չկա»,- ասաց ԱԺ նախագահը:
Ինչ վերաբերում է Արցախի կարգավիճակի հարցին, ապա ԱԺ նախագահը նշեց, որ ամեն րոպե իրավիճակ է փոխվում, և բանակցություններն ամեն րոպե իրավիճակ են փոխում:
«Հիմա ՀՀ-ն ասում է, որ կա Արցախի բնակչություն, որն ունի իրավունքներ, և այդ իրավունքներից է պետք բխեցնել կարգավիճակը»,- ընդգծեց նա:
Անդրադառնալով ընդդիմությանը նիստերից բացակայությունների համար մանդատներից զրկելու հարցին՝ Ալեն Սիմոնյանը նշեց, թե պատրաստվում է դիմել ԱԺ խորհրդին:
«Ընդհանուր առմամբ որոշում չկա, ես խոսում եմ իմ տրամադրվածության մասին: Կարծում եմ, որ չի կարելի՝ երբ ուզենալ՝ գալ, երբ ուզենալ՝ չգալ նիստի»,- ասաց նա: