Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը բավականին անհանգստացնող է համարում թմրամիջոցների ապօրինի շրջանառության խնդիրը։ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Միքայել Թումասյանը հարցրեց, թե ի՞նչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել Պետական եկամուտների կոմիտեն թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ուղղությամբ։

«Նշեմ, որ թեման բավականին անհանգստացնող է ինձ համար, որովհետև մեծ հավանականությամբ դրանք սահմանը հատելով են հասնում և ապօրինի շրջանառվում։ Այդ աշխատանքի շրջանակներում,կարծում եմ, տեխնիկական միջոցները անընդհատ բարելավման կարիք ունեն։ Այսինքն՝ թմրամիջոցների մեծ մասը միևնույն է հայտնաբերվում է «Ռապիսկան» սարքավորումների միջոցով։ Հաջորդ կարևոր ուղղությունը շնագիտական կենտրոնի զարգացումն է, որովհետև, որքան էլ տեխնիկան զարգանա, այնուամենայնիվ, մաքսային ծառայությունների և այլ պետական մարմինների կողմից շների կիրառմամբ թմրամիջոցների հայտնաբերելու դեպքերը ևս շատանում են, և այդ հարցին մեծ կարևորություն է տրվում»,- ասաց Բադասյանը։

ՊԵԿ նախագահի կարծիքով՝ արդյունավետ կլինի, եթե պետական մարմինները միասնական թիմեր ձևավորեն և այդ թիմերի միջոցով տեղեկություններ փոխանակեն, համատեղ միջոցառումներ մշակեն և իրականացնեն։

«Այստեղ բավականին բարդ թեմաներ կան և բավականին բարդ կարողությունների խնդիր: Խոսքը կրիպտոակտիվների, օնլայն առևտրի միջոցով թմրամիջոցների ձեռքբերման և դրա վերահսկելիության գործիքակազմի բացակայության կամ ոչ կատարյալ լինելու մասին է»,- եզրափակեց Բադասյանը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն