Այսօր Ազգային ժողովում տեղի ունեցավ Ֆինանսաբյուջետային և Առողջապահության հանձնաժողովների համատեղ նիստ, որի ընթացքում քննարկվեց. Արսեն Թորոսյան
Այսօր Ազգային ժողովում տեղի ունեցավ Ֆինանսաբյուջետային և Առողջապահության հանձնաժողովների համատեղ նիստ, որի ընթացքում քննարկվեց Հաշվեքննիչ պալատի կովիդի համավարակին վերաբերող հաշվեքննության եզրակացությունը: Ինչպես մինչ սա էլ առիթ ունեցել եմ փաստել, այսօրվա քննարկման արդյունքում ևս պարզ դարձավ, որ.
1. Հաշվեքննությունը փորձել է մասնագիտական եզրակացություններ տալ մի գործընթացի մասին, որի վերաբերյալ չունի մասնագիտական գիտելիքներ: Ավելին հաշվեքննությունը չի անդրադարձել այն հանգամանքին, որ կովիդի դեմ պայքարի գործընթացները իրականացվել են արտակարգ դրության պայմաններում և բազմաթիվ որոշումներ ընդունվել են օպերատիվ կարգով՝ թույլ չտալու համար առողջապահական համակարգի կոլապսը:
2. Հաշվեքննության մեջ առկա են ակնհայտ սխալ, մանիպուլյատիվ, հեղինակների սուբյեկտիվ դատողությունների վրա հիմնված մուտքային տվյալներ, որոնց հիման վրա էլ կատարվել են կրկին սխալ և մանիպուլյատիվ եզրահանգումներ:
3. Հաշվեքննության ընթացքում չեն ուսումնասիրվել և հաշվի առնվել բազմաթիվ իրավական ակտեր և եզրահանգումներ են արվել դրանց բացակայության կամ դրանց մեջ առկա կարգավորումների բացակայության վերաբերյալ: Այդ թվում հաշվի չի առնվել, որ կառավարության համապատասխան որոշումով պետական կառավարման մարմիններին համավարակի անկանխատեսելիությամբ պայմանավորված թույլատրվել է իրականացնել ուղիղ գնումներ, որպեսզի կարողանանք դեղերի, պաշտպանիչ միջոցների, բժշկական սարքերի համաշխարհային դեֆիցիտի պայմաններում, ապահովել կովիդի կանխարգելման և բուժման համար անհրաժեշտ բոլոր պարագաները, ինչը և բարեհաջող իրականացվել է: Ի հակառակ սրան հղում է կատարվում գոյություն չունեցող իրավական ակտերի, ինչպես օրինակ «վարչապետի արձանագրային որոշումն է»: Տեղեկացնեմ, որ մեր օրենսդրությունը չի նախատեսում նման իրավական ակտի գոյություն և հետևաբար տարբեր քննարկումների արդյունքների արձանագրումը իրավական ակտ համարվել չի կարող: Զարմանալի է, որ աշխատանքի այդքան տարիների փորձառություն ունեցող հաշվեքննիչ պալատը դրա մասին տեղյակ չէ:
4. Հաշվեքննիչ պալատը հաշվեքննության ընթացքում անհասկանալի պատճառներով չի ընդունել առողջապահության նախարարության կողմից տրված բացատրություններն ու պարզաբանումները: Մեր հարցերին, թե կոնկրետ պարզաբանումներ ինչու՞ չեն ընդունվել, այդպես էլ պատասխանններ չեղան:
5. Հաշվեքննության ընթացքում հայտնաբերված բոլոր այսպես կոչված «բացահայտումները», ոչ այլ ինչ են, քան մասնագիտական գիտելիքների բացակայության և ենթատեքստից կտրված դատողությունների արդյունք: Հաշվեքննության ընթացքում համեմատվել են անհամեմատելի մեծություններ, հաշվի չի առնվել ծավալված հիվանդանոցների աշխարհագրությունը, դրանց ծավալման և հետ ծավալման առանձնահատկությունները, դրանցում բուժվող պացիենտների հիվանդության ծանրութան աստիճանով պայմանավորված տարբերակումը և այլն: