Մանդատները դնելու հարց չենք քննարկում, դրանք մեզ դեռ պետք են գալու․ Իշխան Սաղաթելյան
Մենք մանդատները վայր դնելու հարց չենք քննարկում, որովհետև այդ մանդատները ճիշտ օրերին և ճիշտ պահերին անհրաժեշտ են լինելու հաջողության հասնելու համար։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։
«Միշտ իմացեք, վերջին հաշվով այդ փոփոխությունը տեղի է ունենալու խորհրդարանում և այդ մանդատները այդ օրը, այդ ժամին անհրաժեշտ են լինելու։ Սա չի նշանակում կախվել մանդատներից, մի տարի առաջ, երբ փողոցային պայքարի մեջ էինք, այդ ժամանակ մանդատ չունեինք, մեր պայքարը դրանով պայմանավորված չէ, բայց գալու է օր, երբ այդ մանդատները պետք են գալու վերջնական փոփոխության հասնելու համար»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է իշխող խմբակցության ներսում իրենց մանդատներից զրկելու քննարկումներին և ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի՝ այսօր արած այն հայտարարությանը, թե հանրային պահանջ կա իրենց մանդատներից զրկելու, Սաղաթելյանը ասաց․
«Այդ մանդատները իրենց հոր տնից չեն բերել մեզ տվել, այդ մանդատները մեզ տվել է ժողովուրդը, անցած տարի 270․000 քաղաքացի մեզ քվե է տվել, ժողովրդի օրակարգը այսօր փողոցում է, մեզ մանդատ տված ժողովուրդը մեզանից ունի այդ ակնկալիքը։ Ինչ վերաբերում է մանդատերից զրկելուն՝ կարո՞ղ են, թող անեն»։