Ինձ այլևս չեմ տեսնում այս խորհրդարանում. Արթուր Վանեցյանը վայր է դնում պատգամավորական մանդատը
Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հայտարարություն է տարածել, որում հայտնում է իր պատգամավորական մանդատը վայր դնելու վերաբերյալ դիմում ներկայացնելու մասին:
«Այսօր օրենքով սահմանված կարգով դիմում եմ ներկայացրել պատգամավորական մանդատս վայր դնելու վերաբերյալ։ Ձեզանից շատերի համար իմ այս որոշումն անակնկալ չէ․ ես մի քանի անգամ հրապարակայնորեն հայտարարել եմ, որ ինձ այլևս չեմ տեսնում այս խորհրդարանում։ Պատճառն ակներև է՝ ՀՀ քաղաքացին մեզ քվե էր տվել այս իշխանությունների կործանարար գործունեությունը կասեցնելու և երկիրն աղետից դուրս բերելու համար։ Սակայն այս խորհրդարանը, իմ կարծիքով, դադարել է լինել նպատակին հասնելու արդյունավետ հարթակ»,- ասված է հայտարարությունում:
Նշվում է, որ «Հայրենիք» կուսակցության Խորհուրդը որոշում է կայացրել շարունակել գործունեությունը խորհրդարանից դուրս։ Կուսակցության որոշմամբ դե յուրե և դե ֆակտո դադարում է գոյություն ունենալ ՀՀԿ-ի հետ ձևավորած «Պատիվ ունեմ» դաշինքը:
Վանեցյանը շնորհակալություն է հայտնել «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների գործընկերներին ՝ միասին անցած ճանապարհի ու համատեղ աշխատանքի համար։
«Ուզում եմ վստահեցնել, որ իմ՝ մանդատը վայր դնելու և «Հայրենիք» կուսակցության՝ խորհրդարանից դուրս պայքարը շարունակելու որոշումները բացառապես մեր ընտրությունն են և որևէ կերպ չեն կարող կաշկանդող կամ ուղղորդող գործոն հանդիսանալ «Պատիվ ունեմ» խմբակցության մեր գործընկերների, այդ թվում՝ «Հայրենիք» կուսակցության առաջադրմամբ Ազգային ժողով անցած մեր անկուսակցական ընկերների համար․ այս հարցում յուրաքանչյուրն իր գիտակցված, հիմնավորված ընտրությունը պիտի անի»,- նշված է հայտարարությունում։