Երևանին և Բաքվին հաջողվել է մերձեցնել դիրքորոշումները ապաշրջափակման որոշ հարցերի շուրջ․ Մհեր Գրիգորյան
Տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների աշխատանքային խումբը կարողացավ մերձեցնել Երևանի և Բաքվի դիրքորոշումները շատ հարցերի, մասնավորապես՝ սահմանային և մաքսային հսկողության վերաբերյալ։
Այս մասին երեքշաբթի ՏԱՍՍ գործակալության հետ հարցազրույցում ասել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը կառուցողական եմ համարում: Սա, անշուշտ, բարդ աշխատանք է, բայց պետք է նշեմ, որ կողմերին հաջողվում է մոտեցնել իրենց դիրքորոշումները սահմանային և մաքսային հսկողության բազմաթիվ հարցերի շուրջ, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի տարածքով ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհներով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգ երթևեկության վերաբերյալ »,- ասել է նա։
ՀՀ փոխվարչապետի խոսքով, «այս պահին փորձագիտական ենթախմբերը շարունակում են ճանապարհային ու երկաթուղային ենթակառուցվածքների վերականգնման ու հետագա օգտագործման հետ կապված հարցերի մշակումը»։
Տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման ժամանակ։ Այնուհետև այդ նպատակով որոշվեց երեք երկրների փոխվարչապետների մակարդակով ստեղծել աշխատանքային խումբ, որը կկենտրոնանա տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի հաստատման վրա։