Ցանքերը սրսկել դրոններով․ագրոպիլոտ
Ագրարային համալսարանի անօդաչու թռչող սարքերի ուսումնական լաբորատորիայի սաները Պռոշյանի տնտեսությունում կիրառել են իրենց հմտությունները՝ դաշտերը սրսկել դրոններով։ Սա, ըստ մասնագիտական հաշվարկների, կարժենա նույն ծախսը, ինչ տրակտորով սրսկելիս, միայն թե աշխատանքի արդյունավետությունը շատ ավելի բարձր է, ծախսվող բուժանյութերն, ժամանակն ու չարչարանքը բազմապատիկ կրճատվում են։ Գյուղոլորտի մասնագետները վստահ են՝ ժամանակակից լուծումները կարող են փոխել գյուղատնտեսության ապագան մեր երկրում ու օրախնդիր հարցեր լուծել։
Ագրարային համալսարանի Ագրո Տ 20 դրոնը պատրաստվում է թռիչքի։ Առաջադրանքը՝ տարածքի չափագրում ու սրսկում։ Վայրը՝ Պռոշյանի տնտեսություն։ Մեկ հա տարածքը սրսկվելու է 30 լ ջրով․ այլ դեպքում 500 լիտր կօգտագործվեր։ Թռիչքի ամենափոքր բարձրությունը 1.5 մ է, առավելագույնը՝ 50մ։ Հիմնականում աշխատելու է ցածր մշակաբույսերի դաշտերում։
«Հիմա արդեն ջրով լի բակը տեղադրում ենք դրոնի վրա, կատարում ենք փորձնական սրսկում, որպեսզի տեսնենք՝ ինչպես է սրսկում դրոնը և գնահատենք իր աշխատանքը։ Իջավ արդեն իր ուզած բարձրությանը, հիմա սրսկում է, ջրի ցողումը երևում է։ Այն հետագծով, որն իրեն տրվել է, այդ հետագծով սրսկում է»։
Հայաստանի ռելիեֆը բարդ է, ավելի բարձր տարածության վրա աշխատելը՝ դժվար։ Ագրո Տ 20-ը հաջողում է։
Գյուղտեխնիկային փոխարինելու եկած ագրոդրոնները, ըստ մասնագիտական հաշվարկների, ֆերմերի գրպանին շատ թանկ չեն նստի ու կարող են փոխել գյուղոլորտի ապագան։ 1հա-ն տրակտորով սրսկելն արժե 12-16 հազար դրամ, դրոնով նույն գինն է արժենում՝ հաշվարկում են։ Բայց արդյունքն է տարբեր։ Դրոնի դեպքում արդյունավետությունն ավելի մեծ է, ժամանակն ու չարչարանքն՝ ավելի քիչ.
«Հիմա ինքը ինչքան որ սահմանագծել ենք տվյալ տեղանքում, կատարեց իր առաջադրանքը ու ավտոմատ կերպով հետ է վերադառնում, որտեղից թռել է վերջին անգամ։ Եթե դեղանյութով լիներ բակը, արդեն վերջում կատարելու էինք արդեն լվացման պրոցես»։
Նարեկն ագրարային համալսարանի 5-րդ կուրսում է։ Արագածոտնի Գեղաձոր գյուղում մեծացած տղային քաջ հայտնի է հող մշակելու, սրսկելու չարչարանքը։ Ինքն էլ ընտանիքի հետ կարտոֆիլի ցանքերում շատ է աշխատել։ Արդեն բուհում՝ անօդաչու թռչող սարքերի ուսումնական լաբորատորիայում, աչքի առաջ հենց այդ խնդիրներն են, մտքում՝ նպատակը՝ նոր լուծումներով թեթեւացնել դաշտի աշխատանքը։ Ժամանակն է։ Բուհի գիտելիքն ու լաբորատորիայում ստացած հմտությունները փորձարկվում են բաց դաշտում.
«Որոշել ենք գյուղատնտեսության մեջ բերել մի լուրջ փոփոխություն, որ կարողանանք մարդկանց մեջ փոխենք, հինը վերացնենք․ բերենք նորը իր արդյունավետությամբ, որն ավելի շատ է, քան տեխնիկաներինը։ Նախ չենք վնասում բույսը, ունենում ենք ժամանակային առումով առավելություն»։
Ագրարային համալսարանի Ջրային ռեսուրսների կառավարման ամբիոնի վարիչ, անօդաչու թռչող սարքերի ուսումնական լաբորատորիայի ծրագրերի համակարգող Գուրգեն Եղիազարյանն ասում է՝ հողօգտագործման արդյունավետությունը, գյուղմթերքի արտադրության ավելացումն օրախնդիր է եւ նաեւ իրենց բուհի համար օրակարգային հարց.
«Դրոնների կիրառությունը գյուղատնտեսության մեջ լուծում է մի քանի խնդիր՝ նախ առաջնահերթ հնարավորություն է տալիս ունենալ ցանկացած տարածքի էլեկտրոնային քարտեզներ։ Իսկ դա մեծ հնարավորություն , շարժունակություն է տալիս ապագա նախագծողներին այդ բոլոր նյութերից օգտվել։ Երկրորդ կարևոր խնդիրը՝ այն հնարավորություն է տալիս գրեթե բոլոր ռեսուրսների նկատմամբ իրականացնել մոնիթորինգ, որի արդյունքում կարող ենք բացահայտել մի շարք խնդիրներ՝ մասնավորապես ռեսուրսների օգտագործման հետ կապված, դրանց դեգրադացիայի, էրոզիայի․ հիվանդությունների, ոռոգման հարցադրումների հետ կապված»։
Ցանքերը դրոններով սրսկելու արդյունավետությունը կտրուկ բարձրանում է՝ ասում է զրուցակիցս․ ֆերմերային տնտեսություններից ստացված տեղեկություններն են փաստում.
«Մի բան, որ դուք ձեռքով եք սրսկում կամ կիսամեքենայացված տարբերակով կամ մեքենայացված տարբերակով, չի ապահովում այն արդյունավետությունը, ինչը կարող է ապահովել նման դրոնների կիրառությունը գյուղատնտեսության մեջ»։
44-օրյա պատերազմից հետո Ագրարային համալսարանում բացվեց անօդաչու թռչող սարքերի ուսումնական լաբորատորիա։ Նպատակը՝ կրթական ծրագրով ագրոպիլոտներ պատրաստել։ Իսկ դրանց մասնագետներն այժմ պատրաստվում են բուհում՝ Եվրամիության ֆինանսավորմամբ «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնության» շրջանակում ուսումնահետազոտական նպատակներով ձեռք բերված դրոններով։ Ճշգրիտ գյուղատնտեսություն մասնագիտության ներդրումը հենց այս նպատակով է.
«Հիմնական նպատակն է ծանոթանալ տարբեր դրոնների ծրագրային ապահովման խնդիրներին, անխափան շահագործման պայմաններին։ Մոտ ապագայում գործնական առումով, կիրառական առումով արդյունքներ կունենանք»։
Դասընթացները կազմակերպվում են ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ և ICARE-հիմնադրամի կողմից իրականացվող ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի շրջանակում։ ICARE –ի փորձագետ Միհրան Սահակյանը բացատրում է գյուղատնտեսական դրոնի բոլոր նրբություններն ու կիրառման հմտությունները.
«Երկու կոմպյուտեր է, որոնք մեկը մյուսին լրացնում են։ Պոմպերն են, որոնցով հեղուկն է տեղափոխվում։ Լիցքավորիչ ու շարժիչ, մի քանի հատ անտենա։ Անտենաներից մեկը մի քանի օր առաջ պոկվել էր, պարզ ձևով կարողացան վերանորոգել»։
Մեր գյուղատնտեսությանը նոր շունչ է պետք, ժամանակակից տեխնոլոգիաներ, ասում են մասնագետները։ Ռազմական դրոններին հաղթել է պետք նաեւ ագրոդրոններով։