«Լղրճուկ սինլքորների» (լույս իջնի հոգուդ՝ Եղիշե Չարենց) յուրաքանչյուր արարքից հետո ուզում ես հավատալ՝ գործող վարչակույտը հասել է միայն իրեն արժանի հատակին՝ այլևս իջնելու տեղ չունի։ Բայց պարզվում է՝ մերօրյա «մեռելի ենոքների» մարտնչող սանձարձակությունն ու պոռնկությունը ոչ միայն նորանոր անդունդներ է բացում, այլև նոր անհաղթահարելի ցուցանիշներ գրանցում։ Հերթական սրբապիղծ արարքից հետո հասկանում ես՝ կա լրբերի մի դաս որոնց պարագայում հատակ կոչվածն անհատակ է։ Ամենայն արժեքների կեղտոտ սակարկուները, որ այսօր տնօրինում են մեր ազգային ու մշակութային հարթակները, չունեն բարոյական արգելակներ։ Դրանց համար սրբություն պղծելը ոչ թե պատահականություն է, այլ արյան կանչ և «առաքելություն»։ Զրպարտության տեսքով դրսևորված «արյան կանչի» հերթական նողկալի ցուցքը 2026-ի փետրվարի 15-ին էր՝ ՌԴ «Дождь» հեռուստաալիքի տաղավարից։ Ձախողված դերասաց շնչավորը՝ համատեղությամբ ԱԺ խոսնակ, ի լուր տարբեր գույնի ու ռանգի ալլահշուքյուրների հայտարարեց՝ ՀԱԵ 4-5 բարձրաստիճան ներկայացուցիչներ, ոչ ավելի, ոչ պակաս, մանկապիղծներ են։ Ասել կուզե՝ աշխարհից ոչնչով հետ չենք մնում, նույնիսկ տեղական արտադրության էփշտեյններ ունենք։ Երբ սեփական թիկնապահ-«զսպաշապիկներով» վնասազերծված քաղաքացու դեմքին թքողն է դառնում «բարոյախոս» և օտար եթերից պղծում սեփական Եկեղեցին, հասկանում ես՝ սա վերջն է։ Սա այն սահմանն է, որից անդին միայն Աստծո պատիժն է ու պատմության անեծքը։ Եթե ավելի լուրջ՝ էժան այս ցուցքը պարզապես քաղաքական հայտարարություն չէ։ Սա փողոցում կանգնող մարմնավաճառի՝ համապատասխաններից իջեցված (սրանք միայն «իջնել-իջեցնելու» լեզուն են հասկանում) շինծու մեղադրանք է, որ հնչեցվում է առանց կոնկրետ անունների, առանց փաստերի և առանց իրավական հիմքերի։ Երբ երկրի օրենսդիր մարմնի գլուխ կարգվածը, համապատասխան հրահանգով, օտարի եթերից զրպարտում է սեփական ազգի հոգևոր հիմնասյունը, նրա արարքն ունի մեկ անուն՝ կոլաբորացիոնիզմ։ Սա տեղեկատվական դիվերսիա է սեփական պետականության դեմ, ինչի արդյունքում ադրբեջանական ԶԼՄ-ները երկու օր է՝ ցնծում և տիրաժավորում են այս խայտառակությունը՝ օգտագործելով այն որպես զենք հայկական ինքնության դեմ։ Թշնամուն արդեն հետաքրքիր էլ չէ, որ ամենաանբարոյականն այս ամենում մեղադրանք հնչեցնողի կերպարն է։ Շնչավոր, ում անձնական կյանքն ու բարոյական նկարագիրը վաղուց հանրային քննարկման ու զզվանքի առարկա են։ Երբ նմանատիպ լղրճուկներն են փորձում «բարոյախոսական» դասեր տալ 1725-ամյա ինստիտուտին, հասկանում ես՝ գործ ունենք տեսակի կատարյալ դեգրադացիայի արդյունքի՝ զզվելի մուտանտների հետ։ Բայց նաև հասկանում ես՝ «Дождь»-ի տաղավարում խաղարկված սրբապղծությունը նախորդ՝ տղամարդ կոչվածին մինչև վարդապետի խազը ստորացնող արարքի անպատժելիության շարունակությունն է։ Եթե հիշյալ սուբյեկտը ժամանակին պատժվեր քաղաքացու դեմքին թքելու համար, այսօր չէր համարձակվի թքել ողջ ազգի հոգևոր ժառանգության դեմքին։ Մեղավորը մենք ենք։ Միայն մենք, որ մեր հանդուրժողականությամբ ծնեցինք բացարձակ լկտիների ահռելի մի կույտ։ Հնչեցված հայտարարությունը մի քանի հարթություն ունի։ 1․ Իրավական։ Եթե պաշտոնյան տիրապետում է նման զազրելի հանցագործության մասին տեղեկատվության և չի դիմում իրավապահներին, նա հանցակի՞ց է, թե՞ սովորական զրպարտիչ, որը պետք է պատասխան տա դատարանում։ 2․ Ազգային։ ՈՒ՞մ շահերն է սպասարկում Եկեղեցու դեմ այս բացահայտ արշավը, երբ թշնամին այն օգտագործում է Արցախում մեր մշակութային ժառանգության ոչնչացումն արդարացնելու համար։ 3․ Բարոյական։ Մինչև ե՞րբ ենք հանդուրժելու մեր դեմքին ու սրբություններին թքող այս մուտանտներին։ Այսօր լռելը նշանակում է դառնալ մեզ կլանող անհատակ հատակի մի մասը։ Պարտավոր ենք հիշեցնել այս «մեռելի ենոքներին», որ իրենց իշխանությունը պատահականություն է, անցողիկ։ Իսկ մեր արժեքները՝ մնայուն են, հավերժական։ Պատմությունը, ի վերջո, դաժանորեն սրբում-տանում է բոլոր նրանց, ովքեր փորձել են սեփական ոչնչությունն արժևորել սրբությունները պղծելու հաշվին։ Օտար ուժերի ստրուկի հոգեբանությամբ գործողը երբեք չի խուսափելու պատասխանատվությունից։ Երբ գա պահը Հիսուսը զտելու է ժամանակավորը հավերժականից։ Իսկ այն, որ այս ամենն արժանանալու է Աստծո դատաստանին, կասկածից վեր է։ Աստծո ջրաղացը դանդաղ է աղում, բայց անխափան։

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն