Երեքշաբթի Մեծ Բրիտանիայի կաբինետի բարձրաստիճան նախարարներից երկուսը՝ ֆինանսների նախարար Ռիշի Սունակը և առողջապահության նախարար Սաջիդ Ջավիդը, հրաժարական են ներկայացրել մի քանի րոպեի տարբերությամբ: Ըստ npr.org-ի՝ այդ քայլը կարող է վերջ դնել վարչապետ Բորիս Ջոնսոնի ղեկավարությանը ամիսներ տևած սկանդալներից հետո:

Բրիտանական Պահպանողական կուսակցության մի քանի քաղաքական գործիչներ նույնպես որոշել են հեռանալ իրենց պաշտոններից: Հրաժարական է տվել Մարոկկոյում Մեծ Բրիտանիայի առևտրային ներկայացուցիչ Էնդրյու Մարիսոնը:

Բրիտանական Պահպանողական կուսակցության փոխնախագահ Բիմ Աֆոլամին ուղիղ եթերում նույնպես հայտարարել է իր հրաժարականի մասին, հայտնում է The Guardian-ը։ Աֆոլամին ասել է, որ վարչապետ Բորիս Ջոնսոնը կորցրել է ոչ միայն իր, այլև կուսակցության և երկրի աջակցությունը։

Նախարարներ Սունակի և Ջավիդի հրաժարականները պայմանավորված են պահպանողական պատգամավոր Քրիս Փինչերի հետ կապված սկանդալով։ Ըստ բրիտանական լրատվամիջոցների՝ Փինչերը նոր պաշտոն է ստացել այն դեպքում, երբ վարչապետ Բորիս Ջոնսոնը տեղյակ է եղել նրա դեմ սեռական ոտնձգությունների մեղադրանքների մասին։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն