Ալերգիա հույզերից. 27-ամյա բրիտանուհու կյանքը հրաշքով են փրկել լիաթոք ծիծաղից հետո
27-ամյա բրիտանուհի Նատաշա Քոութսը պատմել է իր հազվագյուտ հիվանդության մասին, որի պատճառով ալերգիկ ռեակցիա է առաջանում ուժեղ հույզերի դեպքում, գրում է New York Post-ը։
Բրիտանուհու մոտ մանկուց ախտորոշվել է մաստոցիտների ակտիվացման համախտանիշ, ինչն էլ նման ռեակցիաների պատճառ է դառնում։
«Ես աելգիա ունեմ ուժեղ հույզերից։ Իմ մարմնի ցանկացած փոփոխություն՝ ծիծաղեմ, լաց լինեմ, տխրեմ, թե սթրեսի ենթարկվեմ, կարող է քիմիական ռեակցիա առաջացնել», - պատմել է բրիտանուհին։
Քոութսը պատմել է, որ մի անգամ գրեթե մահացել է լիաթոք ծիծաղի պատճառով, քանի որ տևական ծիծաղից հետո նրա մոտ Կվինկեի այտուց է առաջացել։
«Մենք ծիծաղում էինք, և իմ լեզուն ու կոկորդն այտուցվեցին։ Ընկերներիցս մեկը շտապօգնություն կանչեց, մյուսն օգնեց էպինեֆրին սրսկել, որպեսզի չխեղդվեմ», - պատմել է բրիտանուհին։