Լարսը բաց է, և այժմ բեռնատար մեքենաներն անցնում են Լարսի անցակետով: Այդ մասին Կառավարությունում ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Մեր արած աշխատանքի արդյունքում վերջին մեկուկես ամսվա ընթացքում կարողացել ենք հասնել նրան, որ Լարսի թողունակությունն էապես մեծացել է, և եթե 2 ամիս ամիս առաջ Լարսի անցակետն անցնող հայկական մեքենաների միջին օրական քանակը 130 էր. հիմա մոտ 250 է. մոտ կրկնակի ավելացել է հայկական մեքենաների թողունակությունը»,- ասաց Վահան Քերոբյանը՝ նշելով, որ, այնուամենայնիվ, խնդիրը դեռ մինչև վերջ լուծված չէ:

«Այս պահին աշխատում ենք արագ փչացող ապրանքների անցման վրա, և դա ևս էապես թեթևացրել է գյուղմթերք արտահանողների աշխատանքը և նվազեցրել է ռիսկերը. դա մեր, Վրաստանի և Ռուսաստանի կառավարության համատեղ աշխատանքի արդյունքն է: Հիմա մենք աշխատում ենք այս ուղղությամբ և կարծում ենք, որ մեկ ամսվա ընթացքում հերթերն ամբողջությամբ կվերանան, և մենք խնդիր չենք ունենա մինչև եղանակների վատանալը»,- ասաց էկոնոմիկայի նախարարը:

Նա հիշեցրեց, որ դրան զուգահեռ աշխատանքներ են տարվում այլ ճանապարհների բացման, այլ երթուղիների ստեղծման ուղղությամբ. դրանցից մեկն էլ լաստանավն է:

«Ըստ էության վերջնակետին մոտ ենք, երեկ խոսել եմ վրացի գործընկերների հետ, և ակնկալում ենք, որ առաջիկա օրերին, ի վերջո, մեր հարցը լուծումը կստանա, եթե ոչ՝ պլան Բ-ին կանցնենք. Բաթումի նավահանգստի միջոցով կկարողանանք նույն գործողությունն անել և ստեղծել ալտերնատիվ տարբերակ: Խնդիրը մեզ համար գերկարևոր է, քանի որ Հայաստանը պետք է ունենա լավ կապվածություն աշխարհի հետ: Այս ուղղությամբ մենք անդադար աշխատում ենք՝ թե՛ ուղղությունների, թե՛ տրանսպորտային միջոցների, թե՛ դրանց քանակի ավելացման ուղղությամբ»,- նշեց Վահան Քերոբյանը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն