ՆԳ նախարարության ստեղծումը շատ կարևոր քայլ է մեր երկրի իրավապահ համակարգի համար. Կարեն Անդրեասյան
Ներքին գործերի նախարարության ստեղծումը, ուզում եմ հատուկ շեշտել՝ ոչ թե վերաստեղծումը, այլ նոր նախարարության ստեղծումը շատ կարևոր քայլ է մեր երկրի իրավապահ համակարգի համար: Ազգային ժողովում Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը:
«Ոստիկանությունը շարունակելու է պահպանել իր շատ կարևոր դերակատարումը, բայց լինելու է սիրտը, մի կարևոր մասը քաղաքացիական կառույցի, քաղաքական կառավարման, որը լինելու է նոր ներքին գործերի նախարարությունը: Մենք մեր միջազգային գործընկերների հետ գտանք լավագույն լուծումը, և մենք զրոյից չենք ստեղծելու նախարարություն, մենք վերցնելու ենք ԱԻ նախարարության հենքը և այնպիսի մոդել ենք առաջարկում, որ լրացուցիչ ծախսեր, լրացուցիչ բեռ չդնի պետության վրա և արդեն եղած ոստիկանության մեծ ներուժը համակցվի եղած քաղաքական մարմիններից մեկի հետ, և կարողանանք ստեղծել մի նոր հետաքրքիր կառույց»,- ասաց նախարարը:
«Ուզում եմ ընդգծել՝ սա ավտոմատ ԱԻՆ-ը ՆԳՆ սարքելու նախագիծ չէ»,- նշեց նախարարը՝ տեղեկացնելով, որ տասնօրյա ժամկետում նախատեսում են օրենսդրական փաթեթի լրամշակում, որից հետո սեպտեմբերին այն կդրվի Ազգային ժողովի քննարկմանը: