ՍՊԻՏԱԿ ՏՈՒՆԸ ԿԱՋԱԿՑԻ ՓԵԼՈՍԻԻ՝ ԹԱՅՎԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ԱՅՑԻՆ

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին, որը Սինգապուրից մեկնել է Մալայզիա, կարող է այցելել Թայվան՝ հայտնում են տեղական լրատվամիջոցները: Ավելի վաղ պաշտոնյան հայտնել էր, որ ասիական շրջագայության ընթացքում կայցելի նաև Հարավային Կորեա և Ճապոնիա, Թայվան այցի մասին Փելոսին չի խոսել:

Սպիտակ տունը հայտարարել է, որ կաջակցի Փելոսիի հնարավոր այցին Թայվան։

«ԱՄՆ-ը չպետք է վախենա Չինաստանի հռետորաբանությունից կամ հնարավոր գործողություններից»,- ասել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։

Նրա համոզմամբ՝ Փելոսիի ուղևորությունը չի նշանակում, որ Վաշինգտոնը հրաժարվում է «մեկ Չինաստանի» քաղաքականությունից։

«Պատճառներ չկան, որ Պեկինն այս այցը հակամարտության վերածի: ԱՄՆ-ը կշարունակի աջակցել Թայվանին և կփորձի կապ պահպանել Չինաստանի հետ»,- հավելել է Քիրբին:

Չինաստանի իշխանությունները ուշադիր հետևում են Ներկայացուցիչների պալատի նախագահի Թայվան հնարավոր այցի շուրջ ստեղծված իրավիճակին։ Այս մասին էլ հայտարարել է ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ներկայացուցիչ Չժան Ջունը:

«Թայվանը Չինաստանի տարածքի անբաժանելի մասն է: Մեկ Չինաստանի սկզբունքը կարմիր գիծ է այլ երկրների հետ Պեկինի հարաբերություններում: Այս այցը համարում ենք ծայրահեղ վտանգավոր և սադրիչ: Կառավարության և զինվորականների կողմից հնարավոր պատասխան միջոցները օրինական կհամարվեն, դրանք կարվեն՝ թույլ չտալու Թայվանին գնալ անկախության սխալ ճանապարհով», - նշել է Ջունը։

Դիվանագիտական լարվածության ֆոնին տեղեկություններ են ստացվում նաև, որ Թայվանի զինվորականները բերվել են մարտական բարձր պատրաստականության: Չինաստանի ժողովրդական բանակն էլ վարժանքներ է սկսել Հարավչինական ծովում:

ԲԱՅԴԵՆԸ ՀԱՋՈՂՎԱԾ է ՀԱՄԱՐԵԼ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը տեղեկացրել է, որ ամերիկյան ուժերն իր հրամանով ավիահարված են հասցրել Քաբուլում և ոչնչացրել Ալ Քաիդա ահաբեկչական կազմակերպության պարագլուխ Այման ազ-Զավահիրիին:

Բայդենի կարծիքով՝ ամերիկյան այդ գործողությունը հաջող է եղել բոլոր առումներով. ահաբեկչի ընտանիքի անդամները չեն տուժել, քաղաքացիական զոհեր չկան։

Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ ազ-Զավահիրին ակտիվորեն մասնակցել է 2001 թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունների ծրագրմանը, ինչպես նաև եղել է այլ ահաբեկչական հարձակումների կազմակերպիչ, որոնց զոհ են դարձել ԱՄՆ-ի և այլ պետությունների քաղաքացիներ:

ԱՄՆ-Ը ԵՎՍ 550 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԿՀԱՏԿԱՑՆԻ ԿԻԵՎԻՆ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հուշագիր է ստորագրել Ուկրաինային ևս 550 մլն դոլարի ռազմական օգնություն հատկացնելու մասին։

«Պետքարտուղարին լիազորում եմ ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտպանական արտադրանքների և ծառայությունների, ինչպես նաև ռազմական ուսուցման ու պատրաստության տեսքով միջոցներ տրամադրել Ուկրաինային»,- ասված է Սպիտակ տան մամուլի ծառայության փաստաթղթում:

Նոր փաթեթում կներառվեն լրացուցիչ զինամթերք HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի համար, ինչպես նաև 155 մմ տրամաչափի հրետանային արկեր:

Այսպիսով՝ Կիևին ամերիկյան վարչակազմի ռազմական օգնության ընդհանուր ծավալը կկազմի շուրջ 8,7 մլրդ դոլար:

ԲԵՌԼԻՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԶԻՆԱՏԵՍԱԿՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ

Բեռլինը շարունակում է Ուկրաինային այնպիսի զինատեսակներ տրամադրել, որոնցից մի քանիսը նույնիսկ գերմանական բանակին դեռ չեն մատակարարվել՝ հայտարարել է կանցլեր Օլաֆ Շոլցը։

«Մենք տվել ենք ամենը, ինչ ունեինք՝ հակատանկային և հակաօդային պաշտպանության համակարգեր, ականներ, թնդանոթներ, ոչ մահաբեր զինամթերք: Այժմ ավելի բարդ և թանկ համակարգեր ենք ուղարկում՝ ինքնագնաց հաուբիցներ, հրթիռային համակարգեր, ռադիոտեղորոշիչ կայաններ»,- մանրամասնել է պաշտոնյան:

Նա տեղեկացրել է նաև, որ գերմանացի մասնագետները ուկրաինացիներին սովորեցնում են՝ ինչպես օգտվել գերժամանակակից ռազմական սարքավորումներից:

ԿԱԼԻՖՈՌՆԻԱՅՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ

Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը կապկի ծաղկով վարակման դեպքերի աճի ֆոնին արտակարգ դրություն է հայտարարել։ Նաև աշխատանքներ են տարվում պատվաստման գործընթացն արագացնելու ուղղությամբ: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման դաշնային կենտրոնի տվյալով՝ նահանգում գրանցվել է վարակման 827 դեպք։

Ավելի վաղ՝ արտակարգ դրություն էր հայտարարվել նաև Նյու Յորք նահանգում: Նահանգապետ Քեթի Հոքուլի խոսքով՝ ԱՄՆ-ում կապկի ծաղկով վարակման յուրաքանչյուր չորրորդ դեպքը բաժին է ընկնում Նյու Յորքին, որտեղ արձանագրվել է ավելի քան 1340 դեպք:

Աշխարհում, ընդհանուր առմամբ, հայտնի է վարակման 22 000-ից ավելի դեպքի մասին, հիվանդությունը հայտնաբերվել է արդեն 79 երկրում: Դեպքերի 70 %-ից ավելին գրանցվել է Եվրոպայում։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն