Սպիտակ տունը Չինաստանին հորդորել է Փելոսիի այցը Թայվան չօգտագործել ռազմական ակտիվության համար
Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիերը Չինաստանին հորդորել է Նենսի Փելոսիի այցը Թայվան չվերածել ճգնաժամի:
Անդրադառնալով Փելոսիի այցին զուգահեռ՝ Թայվանի շուրջ Չինաստանի ռազմական ակտիվության աճին և մարտական հրաձգությամբ վարժանքների մեկնարկին՝ պաշտոնյան Պեկինին կոչ է արել՝ «չօգտագործել այս այցը որպես Թայվանի դեմ ռազմական գործողությունների արդարացում»:
Ավելի վաղ Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը հայտնել էր, որ երկրի Ժողովրդական ազատագրական բանակը Թայվանի շուրջ վեց ջրային տարածքներում մարտական հրաձգությամբ լայնածավալ ռազմական վարժանքներ է սկսել:
Չինաստանի արտգործնախարարությունն այդ զորավարժություններն անվանել է «անհրաժեշտ ու օրինական պատասխան միջոց՝ ուղղված սադրիչների դեմ»: