Կմեկնարկի «Սիմֆոնիկ Երևան» փառատոնը
Օգոստոսի 12-ին` 19:30-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա «Սիմֆոնիկ Երևան» միջազգային երաժշտական փառատոնի բացման համերգը: Ելույթ կունենան ֆագոտահար Նիկոլայ Պողոսյանը և դաշնակահար Անահիտ Դիլբարյանը։
Համերգի ծրագրում՝ Ալեքսանդր Թանսման՝ Սոնատին ֆագոտի և դաշնամուրի համար, Պաուլ Հինդեմիթ՝ Սոնատ ֆագոտի և դաշնամուրի համար, Կլոդ Դեբյուսի՝ Դաշնամուրի պրելյուդներ առաջին գրքից, Հենրի Դյուտիյո՝ Սարաբանդա և կորտեժ ֆագոտի և դաշնամուրի համար, Անտոնիո Տոռիանի՝ Դիվերտիսմենտ Դոնիցետտիի «Լյուչիա դի Լամերմուր» օպերայի թեմաներով ֆագոտի և դաշնամուրի համար:
Փառատոնի շրջանակում տեղի կունենա 14 համերգ՝ ներկայացնելով հարուստ երգացանկ։ Փառատոնի ռեզիդենտ կոմպոզիտորն է Ալեքսեյ Շորը։
Փառատոնի կազմակերպիչներն են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամը (EUFSC, նախագահ՝ Կոնստանտին Իշխանով)։