Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը երեկվանից գտնվում է Արցախում։ Hraparak.am-ի հետ զրույցում նա ասաց, որ Աղավնոյում և Բերձորում այս անգամ չի եղել, բայց վերջին երկու շաբաթվա ընթացքում երկրորդ այցն է Արցախ, հիմնական հանդիպումները Արցախի քաղաքական ուժերի, տարբեր պաշտոնատար անձանց և դերակատարների հետ է։

«Բնականաբար, առանցքում անվտանգության հետ կապված հարցերն ու Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին վերաբերող հարցերն են։ Իրավիճակը, բնականաբար, ռազմաքաղաքական առումով շատ բարդ է։ Բարդ է ոչ միայն այս պահին կոնկրետ Բերձորի շուրջ ստեղծված իրավիճակով, այլ, առհասարակ, Բերձորի թեման և նոր երթուղին դրանք ընթացիկ թեմաներ են, որոնք, ճիշտ է, խնդրահարույց են և իրավիճակային առումով հղի են բավականին ծանր հետևանքներով։ Բայց իրավիճակը բարդ է, առհասարակ, Արցախի շուրջ այսօր առկա և առաջիկայում նշմարվող իրադարձությունների համատեքստում»,-ասաց Տիգրան Աբրահամյանը։

Պատգամավորի խոսքով՝ ամենածանր իրավիճակը կապված է նաև նրա հետ, որ Հայաստանի իշխանությունները ստեղծված իրավիճակում կամ իներտություն են դրսևորում, կամ հանցավոր անգործություն։ «Փորձում են իրենց առավելագույնս մի կողմ քաշել այս իրադարձությունների զարգացման այդ գործընթացներից, և պարզ է, որ առանց Հայաստանի գործուն սատարման Արցախի համար բավականին ծանր է լինելու։ Դա չեն կարող չգիտակցել Արցախում ապրող մեր հայրենակիցները, որոնց համար մի կողմից շատ են անորոշությունները, մյուս կողմից շատ ծանր է տեսնել Հայաստանի իշխանությունների այդ վարքագիծը»,-նշեց Աբրահամյանը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն