ԶԱՊՈՐՈԺԻԵԻ ԱԷԿ-Ի ՇՈՒՐՋ ՃԳՆԱԺԱՄԸ՝ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՌԱՆՑՔՈՒՄ

Երեկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստի շրջանակում քննարկվել է Ռուսական ԶՈՒ վերահսկողության տակ գտնվող ուկրաինական Զապորոժիեի ատոմակայանի շուրջ ստեղծված ճգնաժամը: Միավորված ազգերի կազմակերպությունը անհանգստացած է ատոմակայանի շուրջ շարունակվող ռազմական գործողություններով՝ հայտարարել են կազմակերպության գլխավոր քարտուղարի գրասենյակից: Անտոնիու Գուտերիշը կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները ատոմային էներգիայի համալիրի շուրջ և դուրս բերել ռազմական անձնակազմն ու տեխնիկան ատոմակայանի տարածքից:

Ատոմակայանի շուրջ ռազմական գործողություններ իրականացնելու և անգամ ատոմակայանին հարվածներ հասցնելու համար Կիևից և Մոսկվայից փոխադարձ մեղադրանքներ են հնչում: Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն՝ ուկրաինական կողմի հրթիռակոծության հետևանքով մասամբ վնասվել են ՋԷԿ-ը և ջրավազանները, որոնք ռեակտորների հովացման համակարգերի մի մասն են:

Ուկրաինայի «Էներգոատոմն» էլ երեկ հայտնել է, որ ռուսական կողմը հինգ անգամ հարված է հասցրել ատոմակայանի տարածքին, այդ թվում՝ ռադիոակտիվ նյութերի պահեստավորման կառույցի մոտակայքում: ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Սերգեյ Կիսլիցան հայտարարել է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության առաքելությունը պետք է անհապաղ ատոմակայան ժամանի Կիևի վերահսկողության տակ գտնվող տարածքից ու գործի Ուկրաինայի օրենսդրությանը համապատասխան։

Միացյալ Նահանգներն աջակցում է Զապորոժիեի ատոմակայանի շուրջ ապառազմականացված գոտի ստեղծելու նախաձեռնությանը: ԱՄՆ սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության հարցերով քարտուղարի տեղակալը նաև նշել է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության առաքելության այցն այլևս չպետք է հետաձգել:

Երեկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին տեսակապով միացել է նաև Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավարը: Ռաֆայել Գրոսսին իր ելույթում զգուշացրել է Զապորոժիեի ատոմակայանում «լուրջ» ճգնաժամի մասին՝ հավելելով, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը շտապ թույլտվություն է անհրաժեշտ՝ Զապորոժիեում առաքելություն իրականացնելու համար։ Նա պատրաստակամություն է հայտնել գլխավորելու Ատոմային էներգիայի միջազգային գործակալության առաքելությունը և կոչ է արել Ռուսաստանին և Ուկրաինային համագործակցել, որպեսզի տեսուչները կարողանան հնարավորինս շուտ հասնել այնտեղ:

ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան նշել է, որ հունիսին Ռուսաստանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջև համաձայնեցված այցը չեղարկվել է ՄԱԿ-ի անվտանգության պաշտոնյաների կողմից: «Մենք կարծում ենք, որ արդարացված է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ներկայացուցիչները հնարավորինս արագ և անգամ մինչև օգոստոսի վերջը գնան ատոմակայան»,- հայտարարել է Նեբենզյան՝ զգուշացնելով, որ աշխարհը կանգնած է «միջուկային աղետի եզրին, որը չափերով համեմատելի է Չեռնոբիլի հետ»:

Նեբենզյան հայտարարել է, որ Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ռուսական կողմի վերահսկողության տակ, որը ոչ մի պատճառ չունի գնդակոծելու ատոմային օբյեկտը կամ Էներգոդար քաղաքը: Ինչ վերաբերում է ատոմակայանը ապառազմականացնելու նախաձեռնությանը, Մոսկվայի կարծիքով՝ այդ դեպքում Զապորոժիեի ԱԷԿ-ը խոցելի կդառնա սադրանքների և ահաբեկչական հարձակումների համար:

ՆՈՐ ՀԱՐՎԱԾՆԵՐ ԵՆ ԵՂԵԼ. ԶԵԼԵՆՍԿԻՆ՝ ԱԷԿ-Ի ՇՈՒՐՋ ՃԳՆԱԺԱՄԻ ՄԱՍԻՆ

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, խոսելով Զապորոժիեի ատոմակայանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին, հայտնել է, որ տարածքում նոր հարվածներ են եղել: Դրանք Զելենսկին անվանել է Ռուսաստանի կողմից հասցված ամենահուժկու հարվածներից մեկը: Իր երեկոյան ուղերձում Ուկրաինայի նախագահը պաշտոնյաներին հորդորել է հակամարտության ընթացքի ու մանրամասների մասին այլևս որևէ տեղեկություն չհաղորդել լրագրողներին: «Ամպագոռգոռ հայտարարությունների ժամանակը չէ: Որքան քիչ մանրամասներ բացահայտեք մեր պաշտպանական ծրագրերի մասին, այնքան ավելի լավ կլինի այդ պաշտպանական ծրագրերի իրականացման համար»,- նշել է Զելենսկին երեկոյան իր ելույթում:

ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔԸ

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը կրկնել է Հունաստանի ինքնիշխանությանն ուղղված անուղղակի սպառնալիքները՝ հայտարարելով, որ Կաստել-լորիզո կղզին գտնվում է թուրքական ափից «լողալու հեռավորության վրա»: Աքարի խոսքով՝ ռազմական վարժարանների ուսանողները կարող են լողալով հասնել կղզի, որը գտնվում է թուրքական ափից մոտավորապես 2 կմ հեռավորության վրա: «Օրերս Հունաստանի նախարարը հայտարարեց, որ «եթե ուզում են, թող գան, եթե լողալ գիտեն», իսկ մենք ասում ենք՝ «եթե Աստված կամենա, դա էլ կարող է լինել»»,- հայտարարել է Աքարը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն