Օգոստոսի 20-ի երեկոյան Մոսկվայի մարզի Բոլշիյե Վյազեմի գյուղի մոտ պայթել է Land Cruiser Prado մակնիշի ավտոմեքենան։ Ղեկին եղել է Դարիա Դուգինան՝ հասարակական գործիչ, փիլիսոփա Ալեքսանդր Դուգինի դուստրը։ Նա մահացել է. ՏԱՍՍ-ը հավաքել է այն ամենը, ինչ հայտնի է միջադեպի մասին։

Մեքենան, որում Դարիա Դուգինան էր, պայթել է Մոժայսկի մայրուղում ժամը 21։00-ի սահմաններում։

Քննչական կոմիտեից հայտնել են, որ ենթադրաբար մեքենայում տեղադրված է եղել պայթուցիկ: Պայթեցված մեքենան պատկանում է Ալեքսանդր Դուգինին։

Քրեագետներն ու քննիչները շարունակում են դեպքի վայրի զննությունը, որի արդյունքներով կնշանակվեն փորձաքննություններ՝ դատաբժշկական, տեխնիկական, մոլեկուլային գենետիկական։

Դեպքի առթիվ հարուցվել է գործ՝ կատարված սպանության դեպքի առթիվ (ՌԴ ՔՕ 105-րդ հոդվածի 2-րդ մասի «ե» կետ)։

Դարիան ծնվել էր 1992 թվականին, ավարտել էր Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական ​​համալսարանի փիլիսոփայական ֆակուլտետը և աշխատում էր որպես Միջազգային Եվրասիական շարժման քաղաքական դիտորդ։

Ալեքսանդր Դուգինը փիլիսոփա է, քաղաքագետ, հրապարակախոս, հիմնադիրն է նեոեվրասիականության փիլիսոփայական և քաղաքական շարժման։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն