ԱՄԷ-ն Իրան կվերադարձնի իր դեսպանին հետկանչից վեց տարի անց
Իրանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Սեյֆ Մուհամմադ ալ Զաաբին իր պարտականություններին կանցնի մոտ օրերս՝ ասվում է ԱՄԷ արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ։
Փաստաթղթից բխում է, որ դեսպանը «կնպաստի երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը՝ համագործակցելով Իրանի Իսլամական Հանրապետության պաշտոնյաների հետ՝ երկու երկրների և ամբողջ տարածաշրջանի ընդհանուր շահերին հասնելու համար»։
Bloomberg-ը նշում է, որ ԱՄԷ-ն հետ էր կանչել դեսպանին և խզել դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ 2016 թվականին, երբ ցուցարարները հարձակվել էին Թեհրանում Սաուդյան Արաբիայի դեսպանատան վրա և հրկիզել այն՝ ի նշան բողոքի Էր Ռիադի իրականացրած հայտնի շիա հոգևորականի մահապատժի:
Լարվածությունն ավելի սրվեց, երբ ԱՄԷ-ն աջակցեց ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին 2018 թվականին Իրանի միջուկային համաձայնագրից դուրս գալու որոշմանը և միացավ Իրանի դեմ տնտեսական կոշտ պատժամիջոցներին:
Դեսպանին Իրան վերադարձնելու ԱՄԷ-ի որոշումը կայացվել է 2015 թվականի միջուկային գործարքը վերականգնելու ԵՄ ծրագրին Իրանի արձագանքից մեկ շաբաթ անց: Բրյուսելը Թեհրանի դիրքորոշումն անվանել է կառուցողական, այժմ դաշինքը ԱՄՆ-ի հետ քննարկում է միջուկային գործարքի շուրջ «հետագա քայլերը»։