Շատերը հետս չեն համաձայնվում, որ Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին ու Նիկոլ Փաշինյանին դիտարկում եմ միևնույն հարթության մեջ։ Հիմնականում առանձնանում են Սերժի թիմակիցները, ովքեր փորձում են պատրանք ստեղծել, որ Սերժն այլ գծի մեջ է եղել ու Նիկոլի թիմակիցները, ովքեր ուզում են պատրանք ստեղծել, որ Նիկոլը ժառանգություն էր ստացել ու այլընտրանք չուներ։ Կան մարդիկ, ովքեր դժգոհում են, որ նույն հարթության մեջ չեմ դնում Տեր-Պետրոսյանին։

Նախ ասեմ, որ ես հին ու նորի դիսկուրսը արհեստական եմ համարում։ Այսօր իշխանական կաբինետներում սակավ չեն «հները»՝ բացարձակ թիմափոխված չլինելով։ Ու դա ընդհանրապես կարևոր չի։

Կարևոր է միայն քաղաքական կուրսը։ Եվ երբ ես Սերժ-Ռոբերտ-Նիկոլ եռյակին անվանում եմ սիամական ու դնում նույն հարթության մեջ, նկատի ունեմ հենց դա, որ նրանք բացարձակապես նույն կուրսի կրողն են եղել։ Տեր-Պետրոսյանը եղել է ծայրահեղ հակառակ, հակադիր գծի մեջ։ Ու էս եռյակը, իրենց իշխանությունների ժամանակ, տարել են բացարձակապես Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հայեցակարգին հակադիր քաղաքականություն։

Էս պահին անհրաժեշտ եմ համարում ֆիքսել այդ հակադրությունը, քաղաքական բացարձակ տարբեր կուրսերի կրող լինելը, իսկ ճիշտ ու սխալի քննարկումը շատ ենք արել ու դեռ էլի կանենք։ Էն, որ ես Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած կուսակցությանն եմ անդամագրվել, արդեն իսկ ցույց է տալիս, թե ես որ կուրսն եմ ճիշտ համարում, բայց հիմիկվա ասելիքս հակադրությունների ֆիքսումն է։

Հակադրություն 1.

Լևոն Տեր-Պետրոսյանը շատ հստակ, իր կառավարման վերջին տարիներին, ներկայացրել է Արցախի խնդրի կարգավորման իր պատկերացրած լուծումը։ Դա խնդիրը փոխզիջումներով լուծելն էր, որի արդյունքում հանձնելու էինք 5 շրջան, դրանցում տեղակայվեին խաղաղապահ ուժեր, ստեղծվեին անվտանգության երաշխիքներ, պահելու էինք ԼՂԻՄ ողջ տարածքը, Լաչինի միջանցքը, հնարավոր է, որ նաև Քարվաճառը։

Սրան հակադրվել են ԼՂՀ վերնախավը, Վազգեն Սարգսյանը, Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանն, այլք, ու այս հարցը պատրվակ սարքելով Լևոն Տեր-Պետրոսյանին հեռացրել են իշխանությունից։

Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը իրենց կառավարման ողջ շրջանում տարել են ձգձգման ու հարցը չկարգավորելու քաղաքականություն՝ անխուսափելի դարձնելով պատերազմը, որի առաջին ակկորդը եղավ 2016 թվականի ապրիլին։ Դրանից հետո էլ չի փոխվել քաղաքական կուրսը, ու հետո ինչքան էլ հայտարարեն, թե իրենք էլ են փոխզիջման կողմնակից եղել, փաստն այն է, որ տարել են ձգձգման, հարցի կարգավորում չենթադրող քաղաքականություն։

Նիկոլը, գալով իշխանության, շարունակել է բացարձակապես նույն գիծը, ձգձգման, հարցի կարգավորման մերժման քաղաքականությունը։

Ի դեպ բազմաթիվ են երեքի իշխանակիցների, իշխանության մաս կազմող ուժերի, թիմակիցների հայտարարությունները փոխզիջումների անթույլատրելության մասին։

Հակադրություն 2.

Պատերազմից ու դրա աղետաբեր ավարտից հետո անհրաժեշտ էր քաղաքական դաշտի վերափոխում։ Չէր կարող Հայաստանը զարգանալ, երբ քաղաքական վերնախավը այդ դերակատարներն էին։

Տեր-Պետրոսյանը, հասկանալով որ Նիկոլի հետ խոսելն անիմաստ է, Ռոբերտին ու Սերժին առաջարկում է միավորել քաղաքական թիմերը՝ կարևոր նախապայմանով. իրենք 3ով դուրս են գալիս քաղաքական դերակատար լինելու հավակնությունից։

Այս առաջարկը մերժվում է։

Թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ Սերժ Սարգսյանը, թե՛ Ռոբերտ Քոչարյանն ավելի կարևոր են համարում լինել քաղաքական էպիկենտրոնում, ի հակադրություն Տեր-Պետրոսյանի։ 

Երեքի համար էլ հայրենիքը չէր կարևոր, այլ սեփական ստատուսը։

Մնացածը, թե բա հիմա միավորվենք, հակադրությունները թողնենք մի կողմ, լոլո են։

Փաստացի կարևոր պահերին այս երեքն ու իրենց թիմերն են, որ շարժվել են բացարձակապես սեփական շահով՝ անտեսելով երկրի, պետության շահը։

Ի դեպ ոչ Սերժ Սարգսյանը, ոչ Ռոբերտ Քոչարյանը գործուն քայլ չեն արել ու չեն անելու Նիկոլին իշխանությունից հանելու համար։

Նրանք առայժմ իրենց ստատուսն են պահում, մինչև որ բոլոր հնարավոր զիջումները (ի դեպ հիմա խոսքը բացառպես զիջումների, այլ ոչ թե փոզիջումների մասին է) լինեն, նոր իրենք «մաքուր էջով», ժողովրդին խաբելով, թե իրենք այլ կուրսի կրող են եղել, կսկսեն իրական պայքար իշխանության համար։

Այս եռյակին Հայաստանը հետաքրքիր չի։ Դրա համար ես համոզված եմ, որ նոր էջ բացել հնարավոր է միայն սրանց նույնական լինելը հասկանալուց ու հեռացնելուց հետո։ Իսկ թե դա ոնց պետք է արվի, դեռ չգիտեմ։

Զուտ ֆիքսենք։ Արցախի կորստի գլխավոր պատասխանատուն Նիկոլն ու իր վարչախումբն է, քանզի նրանք էին այդ պահի իշխանությունը, պատերազմը կանխել չկարեցողներն ու ժամանակին կանգնեցնել չկարեցողները, առանց խորանալու անգամ պատճառների մեջ։ Բայց նույնքան պատասխանատու են Ռոբերտը, Սերժն ու իրենց վարչախմբերը, ձգձգման ու հարցի չկարգավորման քաղաքականություն տանելով, հասունացնելով պատերազմ։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն