Վաշինգտոնը թույլ չի տա, որ Իրանը միջուկային զենք ստանա. Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդը հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել են Իրանի միջուկային գործարքի վերականգնմանը. Բայդենը վստահեցրել է, որ Վաշինգտոնը ոչ մի դեպքում թույլ չի տա Իրանին միջուկային զենք ստանալ։
«Պաշտոնյաները, մասնավորապես, քննարկել են Իրանի ահաբեկչական գործունեությունը Մերձավոր Արևելքում և դրա սահմաններից դուրս: Լապիդն ընդգծել է Սիրիային հարվածներ հասցնելու կարևորությունը, ինչպես և հրամայել էր նախագահ Բայդենը»,- ասված է Սպիտակ տան մամուլի ծառայության հայտարարության մեջ։
ԱՄՆ-ը լավատես է, սակայն զգուշավոր՝ Իրանի հետ միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունների հարցում: Նման հայտարարությամբ էլ հանդես է եկել Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։
«Վաշինգտոնը, այնուհանդերձ, չի հասկանում՝ Թեհրանը պատժամիջոցների վերացման համար ինչպիսի երաշխիքներ է պահանջում»,- հավելել է նա՝ մեկնաբանելով Իրանի ԱԳ նախարարի խոսքերն այն մասին, որ Թեհրանը միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի ավելի վստահելի տեքստ է ակնկալում, որը կպարունակի պատժամիջոցների վերացման երաշխիքներ։
Քիրբիի խոսքով՝ ԱՄՆ-ը սպասում է Իրանի և ԵՄ-ի պատասխանին միջուկային ծրագրի վերականգնման վերաբերյալ Վաշինգտոնի առաջարկներին: Նա գոհունակությամբ նշել է, որ կողմերն այժմ ավելի մոտ են գործարքի վերականգնմանը, քան երբևէ: