Շների մոտ արցունքներ են առաջանում տերերին հանդիպելիս, պարզել են գիտնականները
Ճապոնացի գիտնականները բացահայտել են, որ շների մոտ արցունքներ են առաջանում, երբ հանդիպում են իրենց տերերին։ Ավելին, աչքերի արցունքոտումը կապված է «մտերմության հորմոնի»՝ օքսիտոցինի մակարդակի հետ, հաղորդում է The Guardian պարբերականը։
Գիտնականները նկարագրում են, որ երբ մարդիկ և շները նայում են միմյանց աչքերի մեջ, դա մարդկանց խրախուսում է հոգ տանել շների մասին, և շան հայացքը կարող է առաջացնել օքսիտոցինի արտազատում նրա տիրոջ մոտ: Այժմ ճապոնացի գիտնականները հայտնաբերել են, որ արցունքները նմանատիպ ազդեցություն ունեն։
Հետազոտության համահեղինակներից մեկը՝ Տակեֆումի Կիկուսուին, 6 տարի առաջ նկատել է, որ ձագերի կերակրելու ընթացքում իր շան դեմքն ավելի մեղմ է եղել սովորականից, իսկ աչքերը՝ արցունքոտ։ Դա Կիկուսուիին գաղափար է տվել, որ օքսիտոցինը կարող է արցունքներ առաջացնել։ Մինչ այդ գիտնականները հետևել են, թե ինչպես է օքսիտոցինի մակարդակը ավելանում և՛ տերերի, և՛ շների մոտ միմյանց հետ շփվելիս, և փորձ են կատարել, թե ինչ է տեղի ունենում, երբ շներն օրվա ընթացքում բաժանումից հետո դարձյալ հանդիպում են տերերին։
Նրանք թեստի միջոցով չափել են շան մոտ արցունքների չափը տիրոջից 5 րոպե բաժանվելուց և 5 ժամ բաժանվելուց հետո նրան կրկին հանդիպելիս։ Հետազոտողները նշում են, որ տերերին կրկին հանդիպելուց հետո շների մոտ արցունքների մակարդակն ավելացել է, իսկ այլ մարդկանց հանդիպելու ժամանակ նման բան տեղի չի ունեցել։
Նույն կերպ, երբ մարդկանց ցույց են տվել 5 շների նկարներ՝ արցունքոտ աչքերով և առանց արցունքոտ աչքերի, պարզվել է, որ մարդկանց 10-15 տոկոսը նախընտրել է արցունքոտ աչքերով շների մասին հոգ տանել։ Ըստ հետազոտողների խմբի՝ սա ցույց է տալիս, որ շների արցունքոտ աչքերը նույնատիպ էմոցիաներ են առաջացնում մարդկանց մոտ։



















