Երեկ աշխարհի հակառակ բևեռներում երկու շատ խորհրդավոր և ըստ էության փոխկապակցված իրադարձություններ տեղի ունեցան: Իրանի հոգևոր առաջնորդ Խամենեին ինստագրամամում մի կարճ հաղորդագրություն պոստեց, իսկ Միացյալ Թագավորությունում փաստացի վարչապետ ընտրվեց Լիզ Թրասսը: 

Լիզ Թրասսը հայտնի է հանրությանը որպես խարիզմայից զուրկ ու վարկանիշով իր մրցակիցներին զիջող մի անդեմ ու շատ հակառուս կուսակցական գործիչ, ով Բորիս Ջոնսոնի կաբինետում ԱԳ նախարար էր: Շատ ավելի նեղ շրջանակներում նա հայտնի է որպես բարոն Գերվիլ Հովարդի պրոտեժե: Հենց Հովարդի լոնդոնյան տանն էր տեղակայվել Թրասսի նախընտրական շտաբը: Նույնիսկ մինչև բրիտանական հետախուզությունում բարոն Հովարդի աշխատելը, իր տոհմական այս տունը դարեր շարունակ եղել է անգլիական քաղաքական պայքարի կիզակետում: Հովարդի տոհմում բոլորը լորդ են: Հայրը հայտնի զինվորական էր, պապը` ՄԹ պառլամենտի «նայող» (իրենց մոտ դա կոչվում է «serjeant-at-arms»), պապու պապը Սաֆֆոլկի կոմսն էր և այդպես շարունակ: Հովարդի տոհմը միշտ պետության կառավարման առաջին շարքերում է եղել ընդհուպ մինչև Ռիչարդ 3րդի ժամանակները: Հովարդները ժառանգաբար փոխանցում են ոչ միայն լորդի կոչումը և աթոռը Լորդերի պալատում, այլ նաև թագավորության հիերարխիայում 8րդ տողը զբաղեցնող Կոմս Մարշալի պաշտոնը: Եթե ժամանակին դա պահանջում էր Հովարդներից տիրություն անել թագավորի ձիերին ու ախոռներին, ապա հիմա նրանք կազմակերպում են իշխող տոհմի թագադրությունները, հուղարկավորության արարողությունները և այլ նմանատիպ միջոցառումներ: 

Հովարդների տոհմն ունի մեկ յուրօրինակ առանձնահատկություն՝ նրանք նման բարձրաստիճան տոհմերի շարքում միակն են, որ կաթոլիկ են: Ոչ բողոքական ռեֆորմացիան, ոչ Կրոմվելի տեռորը նրանց չստիպեց հրաժարվել իրենց հավատքից և հավատարմությունից առ Հռոմի Պապ, ավելին, Գերվիլ Հովարդի նախապապերից երկուսին դատել ու մահապատժի են ենթարկել ճիզվիտական դավադրություններին մասնակցելու մեղադրանքով, իսկ կաթոլիկ եկեղեցին նրանց պաշտոնապես սրբադասել է: 

Այս տոհմը կարելի է վստահաբար համարել բրիտանիայի խորքային պետության հենասյուններից մեկը և միակը, որ չի դավանափոխվել, ավելին, ավանդաբար հենց Հովարդներն են դիվանագիտական և հետախուզական կապը պահպանում Միացյալ Թագավորության և Վատիկանի միջև: Լիզ Թրասսի նշանակումն ըստ էության այս համագործակցության մի դրվագ է, որը պիտի էլ ավելի ուժգին քաշի Ռուսաստանի շուրջ ձևավորվող օղակը: 

Այդ օղակի մասնիկ է նաև Իրանի միջուկային գործարքը, որը, ստորագրվելու դեպքում, կփլուզի Երոպայում էներգետիկ ճգնաժամ առաջացնելու Մոսկվայի հույսերը, հետն էլ Ուկրաինական ֆիասկոն մարսելու շանսերը: Իրանն ընդունել է ԵՄ-ի կազմած վերջին փաստաթուղթը և պատասխան ուղարկել ԵՄ-ին ու ԱՄՆ-ին: ԱՄՆ դիվանագետները այն որակել են որպես «ոչ կառուցողական»: Մոտ երկու շաբաթ է փորձագետները փորձում են գուշակել, թե ինչ որոշում կկայացնեն ի վերջո կողմերը, և ահա երեկ Խամենեին ինստագրամում գրում է՝ «Այն, ինչ արել է Իմամ Հասանը հիմնված էր տրամաբանական հաշվարկի վրա և ճիշտ էր»: 

Տվյալ պարագայում խոսքը գնում է մարգարե Մուհամեդի թոռ և շիա մահմեդականների երկրորդ իմամ Հասանի մասին, ով պիտի ժառանգեր արաբական խալիֆաթը, երբ իր հորը՝ առաջին իմամ Ալիին, սպանեց օսմանների տոհմի հիմնադիր Մուավիան: Հասանը, հասկանալով, որ չի կարողանա դիմակայել Մուավիաին, պայմանավորվում է իրեն փոխանցել «թագը» և հետ վերցնել այն միայն Մուավիայի մահից հետո: Սակայն Մուավիան բնական է խաբում է Հուսեինին և խալիֆաթը ժառանգում իր որդի Եզիդին: Եզիդը պահանջում է, որ Հուսեինը հավատարմության խոստում տա իրեն: Հուսեինը հրաժարվում է և ընտանյոք հանդերձ դավադրաբար սպանվում է: Հուսեինի սպանության օրը մինչ օրս բոլոր շիա մահմեդականների գլխավոր կորնական հիշատակման օրն է: Այդ օրը նրանք ինքնախարազանմամբ են զբաղվում իմամ Հուսեինին օգնության չհասնելու համար: Իմիջայլոց Հուսեինի սպանությունն այն կայծն է դառնում, որ կազմաքանդում է խալիֆաթը, և թույլ է տալիս պարսիկներին ապագայում վերականգնել իրենց պետականությունը: 

Խամենեին էլ ընդամենն ասում է՝ հիմա թույլ ենք, պիտի զիջենք, որպեսզի հետո աշխարհին տիրենք: Շատ կառուցողական բան է ասում, ըստ իս... Սա փաստացի, Ռուսատանի դեմ ուղղված, արևմտա-իրանական դաշինքի սկիզբն է, որին, ըստ ամենայնի, շուտով կկպնի նաև Չինաստանը: 

Ինչպես տեսնում եք թուրք-իրանական թշնամանքը շատ խորը արմատներ ունի, այն սկսվել է իսլամի առաջացման տարիներին ու ունի խորը կրոնական, պատմական, քաղաքական ու մշակութային հող: Բախման բոլոր այդ նախադրյալները պահպանվում են մինչ օրս: Սա է պատճառը, որ սուննի Թուրքիան շատ մեծ հոռետեսությամբ է վերաբերվում շիա Իրանի հանդեպ պատժամիջոցների չեղարկմանը և ամեն գնով փորձում է ռուսների ձեռքերով Մեղրիով միջանցք բացել դեպի շիա Ադրբեջան, քանի Իրանը այն չի կլանել: Դե իսկ Մոսկվան էս վիճակում Արցախն էլ, Մեղրին էլ, տո երևի Աստրախանն էլ կտա, էնքան որ Ուկրաինական ճահճից թուրքերին հեռու պահի, ու Կովկասում Իրանին հակակշիռ ստեղծի:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն