Լաչինի միջանցքով նոր ճանապարհը կսկսի գործել ապրիլի 1-ից. այնտեղ կտեղակայվեն ռուս խաղաղապահները. ՌԴ ԱԳՆ
Մոսկվան ակնկալում է, որ Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան աշխատանքային խմբի հաջորդ հանդիպմանը հնարավոր կլինի ձեռք բերել փաթեթային համաձայնություն ճանապարհների կառուցման վերաբերյալ` կենտրոնանալով Ադրբեջանի և Հայաստանի միջև երկաթուղային և ճանապարհային կապի գործարկման վրա՝ հարևան երկրներ հնարավոր մուտքով: Ինչպես գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն, այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը։ Իսկ Հայաստանն ու Արցախը կապող Լաչինի միջանցքով նոր ճանապարհը կսկսի գործել ապրիլի 1-ից. այս մասին ևս ասել է Գոնչարը։ Նրա խոսքով՝ օգոստոսի 30-ից երթևեկությունն ընթանում է Լաչինը (Բերձոր) շրջանցող ժամանակավոր ճանապարհով։ «Առանցքային նշանակություն ունի այն, որ Լաչինի միջանցքի շահագործման ռեժիմը չի փոխվի։ Ռուս խաղաղապահները տեղափոխվել են ժամանակավոր ճանապարհին, և մինչև 2023 թվականի ապրիլի 1-ը նրանք կանցնեն նոր երթուղուն»,- ասել է Գոնչարը։