Մեր հայրենիքի համար այս օրերին կարևոր է ուժ գտնել՝ վանելու հուսահատությունը, գործելու և արարելու հանուն անկախության. Ալեն Սիմոնյան
Հ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ անկախության 31-րդ տարեդարձի առթիվ:
Ուղերձում ասվում է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
1991 թ. սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետության անկախության միասնական երազանքի կատարման օրն է:
Անկախության համար պայքարածները, նրանց սերունդները և անկախ Հայաստանում ծնվածներն անցել և անցնում ենք բազում փորձությունների միջով:
Երախտիքի և շնորհակալության խոսքեր ենք հղում անկախության գաղափարին անմնացորդ հավատարիմ, բազում զրկանքներ և մարտահրավերներ կրած մեր եղբայրներին և քույրերին: Հարգանք և խոնարհում 31 տարվա ընթացքում հայրենիքի, անկախության, ինքնիշխանության համար իրենց կյանքը չխնայած քաջերին:
Մեր հայրենիքի համար այս օրերին, երբ ծանր կորուստներ ենք կրել, կարևոր է ուժ գտնել` վանելու հուսահատությունը, գործելու և արարելու հանուն անկախության, հանուն ապագայի:
Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության անկախության, մեր վերագտած պետականության օրվա առթիվ»: